Չինաստանում տեխնոլոգիական հսկաները փակել են գրասենյակները

Չինաստանում տեխնոլոգիական հսկաները փակել են գրասենյակները

Google ընկերությունը 2019-nCoV վիրուսի բռնկման պատճառով ժամանակավորապես դադարեցրել է գրասենյակների աշխատանքը Չինաստանում, Հոնկոնգում եւ Թայվանում: Նույնկերպ են վարվել նաև Amazon-ը եւ Microsoft-ը: Այս մասին հայտնում է BBC-ն ։

Ընկերությունները հույս ունեն, որ այդպիսով աշխատակիցներին զերծ կպահեն տարածվող հիվանդությունից. նրանց առաջարկում են կամ աշխատել տնից, կամ երկարացնում են ամանորյա հանգստյան օրերը: Չեղյալ են հայտարարվում նաև նախապես ծրագրված գործուղումները Չինաստան: Օրինակ, Google-ը չեղարկել է բոլոր գործուղումները Չինաստան և Հոնկոնգ, իսկ տեղի աշխատակիցներին խորհուրդ է տվել հեռանալ և հեռակա աշխատել առնվազն երկու շաբաթ ։ Չինաստանում Google-ի աշխատողների ճշգրիտ թիվն առայժմ հայտնի չէ:

Առաջին խոշոր տեխնոլոգիական ընկերությունը, որը Չինաստան ուղեւորությունների սահմանափակման մասին որոշում է կայացրել, Facebook-ն էր: Երկրում իր գործարանները ժամանակավորապես փակել է General Motors (Buick, Cadillac, GMC and Chevrolet) խոշոր ավտոարտադրողը, որին միացել է Ճապոնական Toyota-ն:

Կորոնավիրուսի տարածումը սկսվել է Ուհան քաղաքում ։ Այն ավտոմոբիլային ձեռնարկությունների խոշոր կենտրոն է: Հիվանդության բռնկումից հետո շատ ընկերություններ ստիպված են եղել շտապ տարհանել իրենց աշխատակիցներին։ Այժմ Ուհանը փակ է ելքի եւ մուտքի համար, քաղաքում փակ է հասարակական տրանսպորտը, իսկ մարդիկ գրեթե դուրս չեն գալիս տներից:

Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019 թվականի վերջին։ Նշվում է, որ ավելի քան 7000 մարդ վարակվել է նոր հիվանդությամբ, հայտնի է մահվան շուրջ 200 դեպք: