Տեխնոլոգիական հսկաները կպայքարեն ստահոդ տեղեկատվության տարածման դեմ

Տեխնոլոգիական հսկաները կպայքարեն ստահոդ տեղեկատվության  տարածման դեմ

Կորոնավիրուսի արագ տարածումն ամբողջ աշխարհում ստիպում է տեխնոլոգիական ընկերություններին դիմակայել վիրուսի նման արագ տարածվող ապատեղեկատվությանը: Խոսքը կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին է:

Facebook-ը, Google-ը եւ Twitter-ը վերջին տարիներին տարբեր կերպ են պայքարել ապատեղեկատվությունը կանխելու համար, հատկապես պատվաստանյութերին վերաբերող : Այժմ Սիլիկոնային հովտի հենասյուները բախվում են շատ ավելի լուրջ խնդրի հետ, քանի որ կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում ՝ արդեն վարակելով գրեթե 10 հազար մարդու Չինաստանում եւ սպանելով այդ երկրի առնվազն 200 քաղաքացու:

The Washington Post-ը հաղորդում է, որ Facebook-ը եւ այլ սոցիալական ցանցերը պայքարել են մի ամբողջ շարք դավադիր տեսությունների դեմ , որտեղ ասվում է նաև, թե կորոնավիրուսը ԱՄՆ-ի ձեռքի գործն է: Facebook-ը հաստատել է, որ իր գործընկեր կազմակերպությունները վերջին օրերին ստուգում են կորոնավիրուսին վերաբերող փաստերը և իջեցնում կեղծ հաղորդագությունների վարկանիշը:

Twitter-ն իր հերթին օգտատերերին ուղղորդում է դեպի ավելի հուսալի աղբյուրներ, երբ նրանք փնտրում են հեշթեգեր (hashtag) ՝ կապված կորոնավիրուսի հետ:

Անցյալ տարի Google-ը կատարելագործել է իր ալգորիթմները, որպեսզի կանխի որոնման արդյունքում մեծ քանակությամբ վնասակար բովանդակության ի հայտ գալը: Սակայն, ինչպես հաղորդում է The Washington Post-ը, հարթակում հայտնվել են մի քանի տեսահոլովակներ, որոնք գովազդում են կորոնավիրուսին վերաբերող կասկածելի տեղեկություններ:

YouTube-ի ներկայացուցիչը Washington Post թերթին հայտնել է, թե ընկերությունը մեծ միջոցներ է ներդնում՝ հեղինակավոր կոնտենտ ներգրավելու եւ ապատեղեկատվության տարածումը YouTube-ում կրճատելու համար: