Ինչ տեսք ունի ԱՄՆ-ում ամենաերկար անօրինական թունելը

ԱՄՆ-ի սահմանային-մաքսային ծառայությունը (USCBP) ամենախոշոր թունելն է հայտնաբերել Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգոյի շրջանում, որը Մեքսիկայի սահմանով է անցնում: Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը ։

Ստորգետնյա մուտքը, որը ձգվում է 1313մ, ապահովված է վերելակով, երկաթուղային ճանապարհներով, օդափոխության եւ ջրահեռացման համակարգերով, ինչպես նաեւ բարձր լարման էլեկտրական գծերով:

Թունելի մուտքը գտնվում է Մեքսիկայի Տիխուանա քաղաքի ծայրամասում գտնվող արդյունաբերական օբյեկտի տարածքում, իսկ ելքը հայտնաբերվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում: Այն օգտագործվել է սահմանն ապօրինի հատելու եւ մաքսանենգ փոխադրումներ իրականացնելու նպատակներով։

Թունելի բարձրությունը 1,7 մետր է, լայնությունը ՝ 0,6 մետր, իսկ փորման խորությունը հասնում է շուրջ 21 մետրի ։ Անհայտ է մնում, թե որքան ժամանակ է պահանջվել այն կառուցելու համար:

USCBP-ում նշում են, որ Մեքսիկայի եւ Կալիֆոռնիայի միջեւ անդրսահմանային թունելները նոր երեւույթ չեն, բայց հայտնաբերված անցուղին նրանց զարմացրել է իր երկարությամբ եւ բարդությամբ:

Թունելի հայտնաբերումից հետո ձերբակալություններ չեն կատարվել, ինչպես նաև չեն հայտնաբերվել թմրամիջոցներ: Ամերիկյան իշխանությունները չեն հայտնել, թե հատկապես ում են կասկածում այդ ստորգետնյա ճանապարհի կառուցման մեջ։