Բեռլինի բնակիչը «վիրտուալ խցանում» է առաջացրել Google Maps-ում

Բեռլինի բնակիչը  «վիրտուալ խցանում» է առաջացրել  Google Maps-ում

Գեոլոկացիայի ժամանակակից ծառայությունները թույլ են տալիս հետեւել ճանապարհային խցանումներին, ինչի շնորհիվ դյուրին են դարձնում մեգապոլիսների մեծաթիվ բնակիչների կյանքը:

Ինչպես ցույց է տվել Բեռլինի մի էնտուզիաստի փորձը, Google-ին, սակայն, կարելի է բավականին հեշտությամբ «մոլորեցնել»։ Google Maps-ը «կոտրելու» համար, պարզվում է, բավական է զինվել հարյուր սմարթֆոններով լցված սայլակով։ Տեսանյութը դիտեք ստորև։

Էնտուզիաստ Սայմոն Վեքերթը իրականում փորձարկել է քարտեզագրական հավելվածներ «կոտրելու» պարզ եւ արդյունավետ սխեման: Նա փորձել է խաբել Google Maps ծառայությանը և ստիպել, որպեսզի քարտեզներում վիրտուալ խցանման պատկեր ցուցադրվի։ Այդ նպատակով Վեքերթը փողոցից փողոց է անցել սայլակով, որի մեջ տեղավորել է թվով 99 սմարթֆոն։ Հետիոտնային արագությամբ քայլելով դատարկ ճանապարհով՝ էնտուզիաստը Google-ի «խելացի» ալգորիթմներին ստիպել է հավատալ, որ դատարկ ճանապարհը ծանրաբեռնված է։

Ինչպես և ենթադրվում էր, հարյուր գործող սմարթֆոնները բավարար են եղել, որպեսզի Google-ի քարտեզներում արտացոլված ճանապարհի գույնը փոխվի կարմիրի՝ խորհրդանշելով ճանապարհային ծանրաբեռնվածություն։ Իրականում սայլակով քայլող տղամարդը չէր կարող խցանում առաջացնել դատարկ ճանապարհներին, և այս դեպքում գործ ունենք հենց ալգորիթմը «կոտրելու» փաստի հետ։