Facebook-ը 2020 թվականին մի շարք երկրներում կգործարկի WhatsApp Pay վճարային համակարգը

WhatsApp Pay էլեկտրոնային վճարումների համակարգը կգործարկվի որոշ երկրներում առաջիկա վեց ամիսների ընթացքում, հայտարարել Է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Այս մասին հայտնում է The Financial Express-ը ։

Facebook-ի ղեկավարը պատմել է, որ WhatsApp մեսենջերի միավորումը վճարային ինտերֆեյսով օգտատերերին թույլ կտա « գումար ուղարկել նույնքան հեշտ եւ արագ, ինչպես լուսանկարները»։ Ցուկերբերգը նշել է, որ WhatsApp-ի հիման վրա վճարային ծառայությունն արդեն փորձարկվում է մի շարք երկրներում, իսկ դրանցից մի քանիսում կգործարկվի հաջորդ կիսամյակի ընթացքում: Երկրների անունները, որտեղ նախատեսվում է գործարկել WhatsApp Pay-ը, չի նշվել։

Նշենք, որ WhatsApp Pay վճարային ծառայությունը Հնդկաստանում փորձարկվում է 2018 թվականից։ Էլեկտրոնային վճարումների համար այս երկրում օգտագործվում է Հնդկաստանի ազգային վճարային կորպորացիայի գործող` UPI վճարային ինտերֆեյսը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 1-ից WhatsApp մեսենջերը դադարել է աշխատել Android 2.3.7, iOS 8 եւ բջջային օպերացիոն համակարգերի ավելի վաղ տարբերակների սմարթֆոնների վրա։