Գաղափարից մինչև բիզնես. հայտնի են դրամաշնորհային մրցույթում հաղթած ստարտափները

Ամփոփվեցին «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները և հայտնի դարձան հաղթողների անունները: Այսպիսով, մրցույթի արդյունքներով Հայաստանում կյանքի կկոչվեն 7 բիզնեսային նորարար գաղափարներ: Դրան կնպաստի պետության հատկացրած 2.5 մլն դրամի աջակցությունը՝ նորարարական գաղափարներն իրագործելու և շուկա դուրս գալու ճանապարհին:

«Մի քանի օրվա ընթացքում մոտ 250 հայտ էր ստացվել: Կարծում եմ, որ կառավարության բռնած այն ուղենիշը, որ մենք աջակցում ենք նախաձեռնող քաղաքացուն, այս ծրագրով իրագործվում է: Այսինքն` եթե դուք տեխնոլոգիական ոլորտում  նախաձեռնող եք, ուզում եք ինչ-որ բան ստեղծել, մենք ձեզ հետ կիսում են առաջնային շրջանի ռիսկը: Նաև մեր երիտասարդությանը լավ մեսիջներ ենք հաղորդում՝ լինել ակտիվ, մասնակցել, գաղափարները կյանքի կոչել»,- նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Յուրաքանչյուր հաղթող թիմ ստացել է 2.5 մլն դրամ:  Հաղթողներին ընտրել էր անկախ ժյուրին՝ սկզբում մոտ 250 հոգուց, ապա 16 լավագույններից:

Հաղթող թիմերից է «Նանո էներջի սոլար սենս»-ը, որը թիմի ղեկավար Էլբակ Էլբակյանի խոսքով ներկայացնում է թափանցիկ արևային պատուհաններ: Դրանք պատուհան լինելուց զատ   արևի էներգիան կլանելով՝ կարող են այն փոխակերպել էլեկտրաէներգիայի: «Սա կփոխարինի արևային վահանակներին, տարածքներն ավելի արդյունավետ կօգտագործվեն: Դրանք կարելի է ամբողջությամբ տեղադրել բարձրահարկ շենքերի, էլեկտրական մեքենաների պատուհաններին: Սրանով արդյունավետությունը էապես կբարձրանա»,-ասել է նա:
Ներկայում թիմի ստացած բոլոր թաղանթները լաբորատոր փուլում են, ստացել են  ամենակարևոր 2 շերտերը, սակայն դեռ պետք է համալրեն, որպեսզի ստանան վերջնական արտադրանքը: Ստացած գումարն օգտագործելու են երրորդ՝ կարևոր շերտը ստեղծելու համար: Վերջնական ապրանքանիշը ստեղծելու համար, սակայն, շուրջ 50 հազար դոլարի չափով ներդրումներ պետք է արվեն: