«Արմաթ»-ն ընդլայնում է աշխարհագրությունը և պաշտոնապես գնում Հնդկաստան

«Արմաթ»-ն ընդլայնում է աշխարհագրությունը և պաշտոնապես գնում  Հնդկաստան

«Արմաթ»-ի հայ խմբավարները, Հնդկաստանում «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման շրջանակում, մարտի 15-ին կմեկնեն Հնդկաստանի Գուջարաթ շրջան և 1 ամիս շարունակ կվերապատրաստեն տեղի պոտենցիալ խմբավարներին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա ընդգծել է միջազգային համագործակցության կարեւորությունը, նշելով, որ՝ «Ունենալով բարձր ցուցանիշներ ու գրանցված հաջողություններ Հայաստանում՝ գնահատելի է, որ հիմա արդեն կարողանում ենք տեխնոլոգիական կրթության զարգացման մեր փորձը եւ տեսլականը կիսել այլ երկրների հետ եւ ունենալ մեր ներդրումն այլ երկրների համայնքային զարգացման, հավասար կրթության հնարավորություններ տրամադրելու առումով։ Նշանակալի փաստ է ու հպարտանալու առիթ մեզ համար, որ այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում, մասնավորապես՝ ԱՏՁՄ անդամ ընկերությունների, մեր գործընկերների շնորհիվ ու համագործակցությամբ »:

«BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար եւ սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահն էլ, անդրադառնալով Հնդկաստանում «Արմաթ»-ի տեղադրմանը, շեշտել է, որ այն կարող է օգնել հնդիկ երեխաներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հարցում:

«Հնդկաստանը մեծ բնակչություն ունի, և մենք պարտավոր ենք ուժեղացնել մեր ապագա մասնագետներին, վերապատրաստել նրանց, զինել նոր գիտելիքներով ու հմտություններով, որ նրանք կարողանան առավելագույնս մրցունակ լինել զարգացող աշխարհում»,- նշել է Վիջայ Շահը:

Նա շեշտել է, որ Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիայում երեխաները գիտելիքներ կստանան հինգ ուղղությամբ՝ ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն եւ անօդաչու թռչող սարքեր: