Հայտնի են մրցույթի արդյունքներով Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող ստարտափները

Հայտնի են մրցույթի արդյունքներով Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող ստարտափները

Հայտնի են Դրեյփերի համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ գրել է՝ «Հայկական 5 ստարտափներ ստացան շուրջ 15,000-ական ԱՄՆ դոլար պետական դրամաշնորհ` ԱՄՆ Սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարանում ձեռներեցության դասընթացներին մասնակցելու համար, ևս 3-ը ժյուրիի կողմից ստացան 50% զեղչ՝ նույն ծրագրին մասնակցելու համար»:

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել ծրագրի՝ գարնանը համալսարանում ուսանելու հաղթողների ընտրության եզրափակիչ փուլը, որից հետո համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության եւ Դրեյփերի համալսարանի միջեւ:

Նախարարությունից հայտնում են, որ Դրեյփերի համալսարանում սովորելու պետական կրթաթոշակ ստանալու համար ստացվել էր 109 հայտ, որոնցից 5-ը՝ ForestGuard, eSwap, Yolo, OORES, ForheFiction, արժանացել են հաղթողի կոչման:

Եվս 3 ծրագրի հեղինակ՝ Robin, Cerebrus, Garoon, ստացել են կրթաթոշակի մասնակի փոխհատուցում համալսարանի ներկայացուցիչների կողմից:

«Հայ ինժեներների պատասխանատվությունը կարեւոր առանձնահատկություն է. եթե հայերը մի բան ասում են, որ կանեն, ուրեմն՝ անում են: Եվ դա անում են ժամանակին եւ մեծագույն պատասխանատվությամբ: Սա կարեւոր, բացառիկ հատկանիշ է, որի մասին աշխարհում խոսում են, եւ խոսում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Դրեյփերի համալսարանի նախագահն է: Դա նշանակում է, որ շատ շատերը Հայաստանն ընտրելու են, որովհետեւ մենք պատասխանատու ենք»,- ասել է նախարար Հակոբ Արշակյանը:

Դրեյփերի համալսարանի նախագահ Ասրա Նադիմն էլ նշել է, որ ինքն անչափ ուրախ է, որ միասին ստեղծում են Հայաստանի եւ Սիլիկոնյան հովտի միջեւ այս կամուրջը՝ ոգեւորելու եւ ոգեշնչելու մարդկանց, որպեսզի հիմնեն ընկերություններ եւ զարգացնեն իրենց միջավայրը:

Այս տարի Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի: Մեկ այլ ծրագրով 30 հայ ձեռնարկատեր կմեկնեն Սիլիկոնյան հովիտ՝ մասնակցելու ձեռնարկատիրական դասընթացների: