Չինական կորոնավիրուսը տեղափոխվել է Հարավային Կորեա. հիվանդությունը տարածվել է կրոնական աղանդի անդամների կողմից

Չինական կորոնավիրուսը տեղափոխվել է Հարավային Կորեա. հիվանդությունը տարածվել է կրոնական աղանդի անդամների կողմից

Covid-19 կորոնավիրուսը շարունակում է տարածվել այլ երկրներով: Վարակի հերթական օջախը Հարավային Կորեան է, որտեղ վարակակիրների թիվն արդեն գերազանցել է 600-ը:

Բռնկման կենտրոնում է հայտնվել հարավկորեական Տեգու քաղաքը, որն ունի 2,5 մլն բնակչություն։ Իշխանությունները վարակման դեպքերի կեսից ավելին կապում են կրոնական աղանդի հետ, որի մասնաճյուղը գտնվում է քաղաքում:

Խոսքը Սինչոնջի կրոնական կազմակերպության (Shincheonji) մասին է, որը հիմնվել է 1984թվականին, և այսօր արդեն նրա հետևորդների թիվը հասնում է միչև 300 000-ի՝ տարածում գտնելով նաև Հարավային Աֆրիկայում, Կոստա Ռիկայում, Կոնգոյում, ինչպես նաև Չինաստանում:

Բանն այն է, որ մահաբեր վիրուսը քաղաքում ծայր է առել 61-ամյա հիվանդ կնոջ միջոցով, որն աղանդավորական իր ծառայությունները մատուցելու հետևանքով դարձել է վարակի լուրջ աղբյուր: Նա եղել է 31-րդ մարդը Հարավային Կորեայում, որի մոտ հայտնաբերել են Covid-19-ը, սակայն հենց նա է նպաստել կորոնավիրուսի արագ տարածմանը:

Փետրվարի 8-ին կինը գանգատվել է կոկորդի ցավից, սակայն շարունակել է մասնակցել եկեղեցական արարողակարգերի: Հետո նրա մոտ զարգացել է տենդ, բայց կինը բարձր ջերմության առկայության պայմաններում շարունակել է եկեղեցական ժողովների մասնակցել։ Մինչ կորոնավիրուսի հայտնաբերումը՝ փետրվարի 18-ին, նա շփում է ունեցել աղանդի հազարավոր այլ անդամների հետ: Ներկայում վարակակիրների կեսից ավելին՝ շուրջ 309 մարդ, հենց աղանդի ներկայացուցիչներն են:

Եկեղեցու մասնաճյուղերն արդեն փակվել են Սեուլում։ Իսկ կառավարական կայքում քաղաքացիական նախաձեռնությամբ խնդրագիր է հայտնվել՝ պահանջով՝ հարկադիր լուծարել կրոնական այս կառույցը։

Այն ստորագրել է ավելի քան 250 հազար մարդ։ Ըստ օրենքի ՝ 100 հազար ստորագրությունից հետո կառավարությունը պարտավոր է արձագանքել խնդրանքին։