Samsung Galaxy S20-ը վաճառքի հենց առաջին օրը ձախողում է գրանցել

Samsung Galaxy S20-ը վաճառքի հենց առաջին օրը ձախողում է գրանցել

Samsung Galaxy S20 շարքի սմարթֆոնների վաճառքի արդյունքները հենց առաջին օրն ավելի վատ են եղել, քան ընկերության նախկին մոդելներինը: Աղբյուրները ենթադրում են, որ սարքի ձախողման պատճառը COVID-19 թոքաբորբի բռնկումն է եւ զեղչերի բացակայությունը, հաղորդում է կորեական Yonhap գործակալությունը:

Ինչպես հաղորդվում է, վաճառքի առաջին օրը, որը կայացել է փետրվարի 27-ին Կորեայում, Samsung-ը վաճառել է շուրջ 70,8 հազար միավոր սարք: Հեռահաղորդակցային ընկերություններից մեկի ներկայացուցիչը մամուլին բացատրել է, որ ձախողման գլխավոր պատճառը COVID-19 թոքաբորբի տարածման սպառնալիքն է, որի պատճառով խանութներում նվազել է գնորդների հոսքը: Մեկ այլ պատճառ են համարում նոր սմարթֆոնների զեղչերի բացակայությունը եւ Samsung-ի մանրածախ վաճառողներին տրամադրվող սուբսիդիաների չափի նվազեցումը:

Անցյալ տարվա Galaxy S10-ի թողարկումից հետո վաճառքի առաջին օրը իրացվել է շուրջ 140 հազար սարք: The Korea Herald-ի տվյալներով՝ Galaxy Note 10 առաջատար սմարթֆոնը շուկայում վաճառքի առաջին օրը գրանցել է 220 000-ի ցուցանիշ:

Փետրվարի վերջին հայտնի է դարձել, որ Հարավային Կորեայում COVID-19 թոքաբորբով հիվանդացածների թիվը գերազանցել է 700-ը: Փետրվարի 24-ի դրությամբ երկրում գրանցվել է վիրուսով վարակվելու 763 դեպք, յոթ հիվանդ մահացել է:

Samsung Galaxy S20 սմարթֆոնների շարքը ներկայացվել է փետրվարի կեսերին։ Նոր սարքերը ստացել են AMOLED էկրաններ, ներկայիս ամենահզոր՝ Snapdragon 865 եւ Exynos 990 պրոցեսորները, Android 10 օպերացիոն համակարգ: Սերիայի թոփ-սարքը ՝ Galaxy S20 Ultra-ն, առանձնանում է 108 մեգապիքսելանոց առաջատար տեսախցիկով:

Շարքի ապարատների արժեքը տատանվում է 70-ից մինչեւ 100 հազար ռուբլու սահմաններում: