Ուլտրաձայնի միջոցով հնարավոր է «կոտրել» ցանկացած սմարթֆոն

Ուլտրաձայնի միջոցով հնարավոր է «կոտրել» ցանկացած սմարթֆոն

iPhone կամ Android համակարգով աշխատող խելախոսները (սմարթֆոնները) այսպես ասած «կոտրելու» ունիվերսալ եղանակներն այնքան էլ շատ չեն:

Ամենատարածված մեթոդը՝ գաղտնաբառը գողանալն է, բայց դա այնքան էլ «կոտրել չէ»: Այն, ավելի շուտ գաղտնաբառը հավաքելու անօրինական եղանակ է: Այդ ցուցակին կարող ենք ավելացնել դիմաճանաչման համակարգի կամ մատնահետքի կեղծումը, որը թեև հավասազոր է կոտրելուն, սակայն դա այնքան էլ կոտրել չէ: Ու այսքանը, մնացած բոլոր մեթոդներն ունիվերսալ չեն համարվում:

Իսկ ի՞նչ կասեք ուլտրաձայնի միջոցով խելախոսը կոտրելու մասին:

Սենթ-Լյուիսում գտնվող Վաշինգթոնի համալսարանի գիտնականները Միչիգանի համալսարանի ու Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետ համատեղ մշակել են սմարթֆոնները կոտրելու նոր եղանակ: Այն աշխատում է ուլտրաձայնի միջոցով՝ անկախ օպերացիոն համակարգից:

Այս մեթոդը չի երաշխավորում խելախոսի ամբողջական ապակոդավորում, սակայն արդեն բոլոր սարքավորումների մեջ ներդրված ձայնային ասիստենտի միջոցով ամբողջովին հնարավոր է կառավարել խելախոսի շատ գործառույթներ:

Համակարգը կոտրելու համար օգտագործվում է  պիեզոէլեկտրական փոխարկիչ, որն էլեկտրական ազդանշանները վերածում է ուլտրաձայնային ալիքի, որի միջոցով կարողանում են որոշակի հրամաններ տալ: Ալիքները կոշտ մակերեսի միջոցով (որի վրա դրված է սմարթֆոնը) ուղղում են հեռախոսի վրա: Ուլտրաձայնը թույլ է տալիս ձայնային հրամանները խելախոսին հասցնել ձայնային այնպիսի հաճախականությամբ, որպիսին մարդու ականջն ունակ չէ ընկալել, սակայն խելախոսն ամբողջությամբ կենթարկվի այդ հրամաններին: Այդ եղանակով հնարավոր է ղեկավարել սմարթֆոնը, եթե նույնիսկ սեփանակատերը տեղյակ չէ:

Ամենակարևոր պայմանն այն է, որ այն մակերեսը, որի վրա դրված է հեռախոսը, պատրաստված լինի պինդ նյութերից, հակառակ դեպքում հնարավոր չի լինի ուղղորդված ազդանշան ստանալ ու ալիքները պարզապես կցրվեն՝ չհասնելով նպատակակետին:

Ո՞ր սմարթֆոններն է ավելի հեշտ կոտրել

Գիտնականներն իրենց աշխատանքը փորձարկել են ավելի քան 17 սմարթֆոնների վրա՝ իրենց ենթարկելով Xiaomi, Samsung, Huawei և Apple ապրանքանիշի սմարթֆոնները: Նրանք այդ հեռախոսներից կարճ հաղորդագրություններ են ուղարկել, զանգեր են կատարել ու էլի մի շարք՝ ոչ պակաս վտանգավոր գործողություններ են իրականացրել: Ընդ որում, այդ մեթոդն աշխատում է, անկախ խելախոսի մոդելից ու պատյանի հաստությունից կամ նյութից, որից այն պատրաստված է: Այսինքն՝ «ինչքան հաստ է պատյանը՝ ուլտրաձայնն այնքան դժվար կներթափանցի» տեսակետը չի աշխատում: Սակայն եթե խելախոսը սեղանին դնելուց առաջ տակը փափուկ բարձ դնեք, բառի բուն իմաստով, ապա ձայնային ալիքները կցրվեն, խելախոսն էլ կմնա նույն կուսական վիճակում:

Բայց մի խառնվեք իրար, սա ընդամենը գիտական փորձարկում էր, որը պրակտիկայում գրեթե կիրառելի չէ: Նախ դրա կիրառման համար անհրաժեշտ է անընդհատ ձեռքի տակ  է  պիեզոէլեկտրական փոխարկիչ ունենալ ու շատ մոտ գտնվել օբյեկտին: Կամ էլ ստեղծել դրա գերհզոր ու կոմպակտ տարբերակը, որն անչափ թանկ արժե։ Ավելին՝ մի հեռախոս կոտրելու համար չարժե այդքան գին ծախսել, այն դեպքում, երբ արդյունքը երաշխավորված չէ: Այնպես որ, հանգիստ եղեք, այդ մեթոդով Ձեր հեռախոսը ոչ ոք չի «կոտրի»: Սակայն կան հեռախոսը «կոտրելու» բազմաթիվ այլ եղանակներ ու ավելորդ մեդիագրագիտությունը երբեք չի խանգարի:

Բաժիններ: Uncategorized
Թեգեր: #hack, Samsung, security, Xiaomi