Apple-ի դեմ դատական հայցը բավարարվեց

Apple-ի դեմ դատական հայցը բավարարվեց

IPhone-ի օգտատերերի համբերության բաժակը լցվեց: Խելախոսի (սմարթֆոն) երկրպագուները, որոնք ավելի հին մոդելների IPhone ունեին, կոլեկտիվ հայտերով դիմել էին դատարան, քանի որ Apple ընկերությունը միտնումնավոր դանդաղեցնում էր հին մոդելների աշխատանքը: Դատարանն էլ որոշել է բավարարել օգտատերերի հայցն ու այժմ «խնձորային» հսկան ստիպված է 310-500 միլիոն դոլար փոխհատուցում վճարել օգտատերերին: Այս մասին տեղեկացնում է The Verge պարբերականը՝ դատական փաստաթղթերին հղում անելով:

Բարկացած օգտատերերը հայտնել էին, որ օպերացիոն համակարգի թարմացումից հետո հեռախոսը սկսել է ուղղակի «կաղալ». Դանդաղել է գրեթե բոլոր գործառույթների աշխատանքը: Դրա պատճառով նրանց մոտ կեղծ պատրանք է առաջացել, որ հեռախոսը փոխելու ժամանակն է: Apple ընկերությունն իհարկե չի ընդունում իր մեղքն ու հերքում է, որ իր մատն ինչ-որ կերպ խառն է այս ամենի մեջ, սակայն համաձայնել է փոխհատուցում վճարել, որպեսզի խուսափի հետագա դատական հայցերից, գրում է Reuters-ը:

Փոխհատուցումը կստանան iPhone 6, 6 Plus, 6s, 6s Plus, 7, 7 Plus և SE մոդելների ներկա ու նախկին օգտատերերը: Այդ հեռախոսները մինչև 2017 թվականի դեկտեմբերի 21-ը աշխատում էին iOS 10.2.1 կամ  iOS 11.2 օպերացիոն համակարգերով: Յուրաքանչյուր հայցվորի ընկերությունը 25 դոլար կվճարի: Ընդհանուր գումարը կկազմի 310-500 միլիոն դոլար:

Reuters-ն ընդգծում է, որ Կալիֆորնիայի Սան-Խոսե շրջանային դատարանը ստիպված է բավարարել հայտը, որն ամրագրված է միջազգային համաձայնագրով:

Այֆոնների շատ օգտատերեր նկատել են, որ iOS օպերացիոն համակարգի թարմացումից հետո, իրենց խելախոսները (սմարթֆոնները) սկսել են «կաղալ, հազալ ու փռշտալ», մի խոսքով, լավ չեն աշխատել, եթե ընդհանրապես աշխատել են: Կարծիք կա, որ Apple ընկերությունն այս ամենը միտնումավոր է արել, որպեսզի ստիպի օգտատերերին անցնել այֆոնի ավելի նոր մոդելների:

2017 թվականին Apple-ը խոստովանել էր, որ միտումնավոր դանդաղեցրել է ավելի հին մոդելի այֆոնների աշխատանքը նոր օպերացիոն համակարգի առկայության պայմաններում, սակայն դա արել է միայն բարի նպատակներով, այն է՝ երկարացնել մարտկոցի կյանքը: Դա, ըստ նրանց, ուղղակի անհրաժեշտություն էր:

Apple-ը գրեթե երեք անգամ նվազեցրել է մարտկոցները նորով փոխարինելու գինը, 79 դոլարից իջեցնելով մինչև 29 դոլարի: Նաև վերանայել է iOS 11.3-ի հնարավորությունները, որպեսզի մարդիկ կարողանան անջատել հեռախոսի աշխատանքը դանդաղեցնող գործառույթը՝ մաշված մարտկոցի պայմաններում:

Չնայած սրան, ընկերության դեմ տասնյակ հայցեր ներկայացվեցին: Իտալիայի ու Ֆրանսիայի իշխանությունները ընկերությանը տուգանեցին համապատասխանաբար 10 և 25 միլիոն եվրոյով: Դա էլ հերիք չէր՝ խեղճերի գլխին նոր փորձանք եկավ: Apple ընկերության դեմ հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:

Բաժիններ: Uncategorized
Թեգեր: Apple, iOS, iPhone, New