Եղի՛ր ակտուալ….մի՛ դարձիր ֆինանսիստ, հաշվապահ կամ բանկիր

Եղի՛ր ակտուալ….մի՛ դարձիր ֆինանսիստ, հաշվապահ կամ բանկիր

Փող հաշվել սիրում են բոլորը՝ անկախ մասնագիտությունից, բայց երբ փող ես հաշվում ի պաշտոնե, ուրեմն ապագայի կանխատեսումները քեզ դուր չեն գա: Դու ընդհանարապես չես մտնում ապագայի պլանների մեջ:

Ֆինանսական ոլորտի աշխատակիցներն ամբողջ աշխարհում ամեն օր հազարներով իրենց տեղը զիջում են անշունչ մեքենաներին ու տարատեսակ ալգորիթմներին:

Դա ունի մի քանի պատճառ: Նախ՝ սխալվելու հավանականությունը հասցված է նվազագույնի, եթե ոչ՝ զրոյի: Հետո ծրագրերից ու սարքավորումներից օգտվելն ավելի արագ է, հարմարավետ, գործատուներն էլ ստիպված չեն այլևս աստղաբաշխական գումարներ ծախսել այդ աշխատակիցներին վճարելու ու նրանց նազուտուզը տանելու համար: Չնայած այս հետաքրքիր ու մի քիչ էլ ահաբեկող տենդենցին՝ հայկական բուհ-երում դիմորդները շարունակում են իրար կոկորդ կրծել՝ հաշվապահական, ֆինանսական ու բանկային գործ սովորեցնող բաժիններում իրենց տեղն ունենալու համար: Արդյունքում բոլոր այդ շրջանավարտներն արդեն 10 տարի անց մնալու են ոչ միայն առանց աշխատանքի, այլ ընդհանրապես առանց որևէ հեռանկարի, քանի որ չի լինի ոչ միայն աշխատանքը, այլև մասնագիտությունն ընդհանրապես ու նա ստիպված կլինի նորից կրթվել, լուսանցքում չմնալու համար:

Խոսենք փաստերով

Արդեն հիմա Ռուսաստանում հայտնի «Սբերբանկ»-ն աշխատանքից հեռացնում է իր աշխատակիցներին: Գործազուրկների շարքերն արդեն այս տարվա տվյալներով համալրել են ավելի քան 5 հազար աշխատակիցներ: Դա ընդհանուր անձնակազմի 2.2 տոկոսն է: Ամենածանրը միջին կարգի մասնագետների համար էր, որոնք զբաղվում են հիմնական բանկային գործողություններով: Այդ աշխատանքն այժմ իրականացնում է արհեստական բանականությունը: Սա ավելի շահավետ է գործատուի համար, արհեստական ինտելեկտը չի գնա ֆիզարձակուրդ, աշխատավարձ չի պահանջի ու չի տեղափոխվի մրցակից կազմակերպություն: Նույն «Սբերբանկ»-ից գրեթե վերացել են վարկային մասնագետները: Այսօր ֆիզիկական անձնաց վարկերը տրամադրում է արհեստական բանականությունը: Գերմանական «Commerzbank»-ում էլ հաշվետվություններն են հանձնարարել արհեստական բանականությանը: Արդեն այսօր այդ աշխատանքի 75 տոկոսը կատարում են տարբեր թվային ալգորիթմներ:  «Forbes» պարբերականի փոխանցած տեղեկություններով՝ այսօր չաթ-բոթերն ավելի լավ խորհրդատուներ են, քան մարդիկ:

Այնպես որ, ֆինանսական ոլորտի մասնագիտություն ընտրելուց առաջ, մի փոքր երկար կմտածեք, քանի որ արդեն այսօր դրան փոխարինող ալգորիթմները հիանալի կատարում են իրենց պարտականությունները: Ամբողջական անձնակզմի փոխարինումը ռոբոտներով ընդամենը ժամանակի հարց է:

Թեգեր: AI, bank, finance, New, profession