Շոշափելով վիրտուալ իրականությունը

Երբևէ տեսե՞լ եք վիրտուալ իրականությունը ներսից: Այսօր դա արդեն խնդիր չէ, եթե գրպանումդ մի քիչ փող ունես: Այսօր կարող ես գնել տարատեսակ սաղավարտներ ու ակնոցներ, որոնց շնորհիվ դու կարող ես հայտնվել վիրտուալ իրականությունում: Նման սարքերը մի քանի անգամ ավելի տպավորիչ ու վառ են դարձնում վիդեոխաղերը: Ամեն ինչ ավելի տպավորիչ կլիներ, եթե մենք կարողանայինք նաև շոշափել վիրտուալ իրականության իրերը: Այդ ուղղությամբ գիտնականներն արդեն մի քանի տարի աշխատում են: Փենսիլվանիա նահանգի հետազոտողները վերջերս թողարկել էին մի սարքավորում, որը հատուկ մալուխների միջոցով թույլ է տալիս մեզ շոշափել վիրտուալ իրականության մարմինների մակերևույթները:

Վիրտուալ իրականության սաղավարտների յուրատեսակ համալրման մասին պատմել է նախագծող Քեթի Ֆենգը, որն ուղղակի մասնակցություն է ունեցել դրա նախագծմանը: Սովորաբար վիրտուալ օբյեկտները շոշափելու հնարավորություն տվող տեխնոլոգիաները ձեռնոցի տեսքով են լինում, որոնք թույլ չեն տալիս ծալել ձեռքը, կամ էլ մատներն ուժեղ սեղմում են: Ամերկյան ինժեներների ներկայացրած այս տարբերակը ռադիկալ տարբերվում է իր անալոգներից:

Այս սարքավորումը նույնպես թույլ չի տալիս ձեռքերն ու դաստակները տարածել կամ ծալել, դրանով էլ շոշափելու պատրանք է ստեղծվում: Սակայն այն ձեռնոցի տեսք չունի, այլ պարույրի ձև ունի: Դրանից դուրս են գալիս փոքր, բայց շատ ամուր մալուխներ, որոնք հատուկ միջոցներով ամրացվում են դաստակներին ու մատներին և վիրտուալ օբյեկտին դիպչելու դեպքում խոչընդոտում են հետագա տարածմանն ու հետ են հրում:

Ձեռքերի շարժմանը հետևելու ու նրանց տեղը որոշելու համար օգտագործվում է Leap Motion կոմպլեկտը: Երբ ձեռքը մոտենում է որևէ օբյեկտի, մալուխները ձգում են նրա տարբեր հատվածները և մարդու մոտ շոշափելու պատրանք է ստեղծվում:

Ցուցադրական հոլովակում կարելի է տեսնել՝ ինչպես սարքն արձագանքում, երբ մարդու ձեռքը կպնում է պատին կամ խորդուբորդ մակերևույթին: Սակայն սարքավորումը հազիվ թե փոխանցի նույնական զգացողություններ: Որպեսզի հնարավոր լինի հասնել շոշափելու իրական զգացողությունների նույնականացմանը, դրա համար ավելի շատ մալուխների կարիք կլինի: Դա էլ, սակայն, խնդրին լուծում չի տալիս, քանի որ փոքր դետալները միևնույնն է հնարավոր չի լինի շոշափել կամ նույն զգացողությունները վերարտադրել:

Նախագծողների խոսքով, սակայն, ստացվել է շատ թեթև, էժան ու էներգախնայող սարքավորում:  Սարքավորուման քաշը, որը պետք է ուսին ամրացնել, չի անցնում 300 գրամ: Գնի մասին, սակայն, նախագծողները դեռ չեն ուզում խոսել: Ու դա զարմանալի չէ, քանի որ ակնհայտ է, որ սարքավորումը դեռ պատրաստ չէ շուկա դուրս գալուն: Դրան նվազագույնը գեղեցիկ ու հղկված կորպուս է հարկավոր, հնարավոր է նաև ամբողջական կոստյում, որը հագեցած կլինի լրացուցիչ տվիչներով: