Կորոնավիրուս. տեխնոկայսրությունների փշե պսակը

Կորոնավիրուս. տեխնոկայսրությունների փշե պսակը

Նոր կորոնավիրուսն իսկական պատուհաս է դարձել տեխնոաշխարհի գլխին: Ամենախոշոր իրադարձություններն ու միջոցառումները, որոնցով որոշվում էր տեխնոհսկաների՝ այսպես ասած ապագան, հետաձգվում կամ չեղարկվում են: Ընդ որում, դա այն դեպքում, երբ որևէ պատճառաբանությամբ այդ միջոցառումները երբևիցե չեն հետաձգվել:

Ամենաթարմ օրինակը Google I/O խոշոր կոնֆերանսի չեղարկումն է: Վիրուսի համաճարակի առաջացրած համաշխարհային հիստերիան կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության ու հենց տեխնոաշխարհի համար: Համաճարակի պատճառով փակված կամ կիսատ գործող գործարաններն ու ֆաբրիկաներն իրենց աշխատանքներն ամբողջությամբ կսկսեն մարտի վերջից ոչ շուտ:

Մեծ հավանականությամբ կչեղարկվի SXSW տեխնոփառատոնը, քանի որ ամենախոշոր հյուրերը հրաժարվում են իրենց մասնակցությունից: Պատճառը մեկն է՝ կորոնավիրուս:

Առաջինը միջոցառման մասնակցությունից հրաժարվեց Twitter-ը: Իր բլոգում Twitter-ի ղեկավարությունը հայտնել էր, որ չի մասնակցի տենոլոգիական ու մշակութային միջոցառմանը, քանի որ վտանգը մեծ է, որ իր աշխատակիցները կվարակվեն կորոնավիրուսով: Դրան հետևեց նաև կապույտ սոցցանցը: Facebookհայտարարեց, որ չի մասնակցի SXSW կոնֆերանսին համաճարակի պատճառով: Նույն պատճառաբանությամբ մասնակցությունից հետ էր կանգնել նաև TikTok  վիդեոհարթակը:

Երկուշաբթի Facebook-ի ներկայացուցիչը հայտարարել էր. «Կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով մեր ընկերությունն ու աշխատակիցներն այս տարի չեն մասնակցի SXSW փառատոնին»:

Կապույտ սոցցանցի ներկայացուցիչն անգամ չէր կարողացել հստակ ասել, թե աշխատակիցներից քանիսը պետք է մասնակցեին կոնֆերանսին:

SXSW փառատոնը հայտնի է նաև Հարավ ու Հարավ-Արևմուտք անունով, անցկացվում է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում: Այս տարի նախատեսվում է փառատոնն անցկացնել մարտի 13-22-ը: Սակայն խոշոր ընկերությունների չափից դուրս զգուշավորությունն ընդհանրապես կասկածի տակ է դրել փառատոնի անցկացման հավանականությունը՝ այն էլ փառատոնի բացումից ընդամենը երկու շաբաթ առաջ: Ավելի քան 25 հազար մարդ Change.org կայքում մասնակցել է ստորագրահավաքին, որտեղ պահանջում են չեղարկել միջոցառումը:

Այս հանգստյան օրերին Twitter-ն իր բլոգում հայտարարել էր, որ ընդհանրապես փոխում է գործուղումների քաղաքականությունը և աշխատակիցներին գործուղման է ուղարկելու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. «Փետրվարի 29-ին մենք այդ մասին տեղեկացրեցինք աշխատակիցներին ու սկսեցինք հերթով զգուշացնել նաև մեր գործընկեր կազմակերպություններին, որ գործողումները ժամանակավորապես դադարեցվում են: Նաև դադարեցնում ենք մեր մասնակցությունը տարատեսակ գիտաժողովներին ու միջոցառումներին»,- ասվում է հայտարարությունում: Մեկ օր անց թռչնակները հայտարարեցին, որ չեղարկում են իրենց մասնակցությունը Տեխասում կայանալիք SXSW փառատոնին, որտեղ Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին պետք է ելույթ ունենար ու ներկայացներ ընկերության հիմնական հաշվետվությունը:

SXSW-ի պաշտոնական կայքում կարող ենք տեսնել, որ այս որոշումն ընկերությունը հեշտ չի ընդունել, քանի որ փառատոնի ժամանակ նախատեսվում էր, որ պետք է ելույթ ունենային կապույտ սոցցանցի մի քանի աշխատակիցներ, այդ թվում ինժեներն ու դիզայները: Անցյալ տարի գիտաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել 105 երկրներից ժամանած ավելի քան 400 հազար մասնակցի:

Կապույտ սոցցանցի այս որոշումը, սակայն, ոչ ոքի համար անակնկալ չէր, քանի որ նա արդեն չեղարկել էր ծրագրավորողների ու ինժեներների սեփական գիտաժողովը՝ F8-ը: Այն պետք է տեղի ունենար Կալիֆորնիայի Սան-Հոսե քաղաքում: Դրա փոխարեն ընկերությունը ցանկանում է տեղում միջոցառումներ կազմակերպել ու հեռարձակել դրանք ուղիղ եթերով:

Սրան անմիջապես հետևեց Mobile World Congress-ի չեղարկումը, որը տեխնոաշխարհի խոշորագույն իրադարձություններից մեկն է:

Երկուշաբթի էլ Google-ը հայտարարեց, որը Cloud Next գիտաժողովը, որը պլանավորվում էր ապրիլին, նույնպես հետաձգվում է: Այն կկայանա այս տարի, ու հիմնական ելույթները կլինեն ուղիղ եթերով:

Հիմա կարճ, թե տեխնոհսկաներն ինչ միջոցառումներ են ձեռնարկել, որոնք ուղիղ կապ ունեն Կորոնավիրուսի հետ ու ինչերից են զրկել իրենց։

Facebook

. Չեղարկել է խոշորագույն մարքեթինգային գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենար մարտի սկզբին: Մասնակցության հայտ էր ներկայացրել 4000 մարդ:

. Կանխատեսում են, որ կհետաձգվի նաև Oculuc VR սարքավորումների արտադրությունը։

. Չեղարկել է դեպի Չինաստան բոլոր գործուղումները։

. Արգելել է Կորոնավիրուսը բուժող դեղամիջոցների գովազդը։

Apple

. Հայտարարել է, որ Կորոնավիրուսի պատճառով եռամսյակային եկամուտների կանխատեսումներ չեն լինի։

. Ցամաքային Չինաստանում ժամանակավորապես փակել է իր բոլոր 42 խանութները: Այն իր ամենախոշոր ու կարևոր շուկաներից է: Փակեց նաև ՉԺՀ-ում գտնվող բոլոր կորպորատիվ գրասենյակներն ու սպասարկման կենտրոնները:

. Ուհանում վիրուսի բռնկման պատճառով ստիպված էր դետալների մատակարարման այլընտրանքային ուղիներ փնտրել:

Google

. Ժամանակավորապես փակել է իր բոլոր գրասենյակները ցամաքային Չինաստանում, Հոնկոնգում ու Թայվանում:

. Սահմանափակել է գործնական հանդիպումները Չինաստանում ու Հոնկոնգում:

Եվրոպական գրասենյակները, սակայն, շարունակում են մնալ բաց՝ չնայած որ Ցյուրիխում գտնվող աշխատակցի մոտ Կորոնավիրուս էին ախտորոշել:

Microsoft

. Ներդրողները զգուշացրել են ընկերությանը, որ բիզնես սեգմենտի եկամուտը, որն իր մեջ ներառում է Windows օպերացիոն համակարգն ու Surface սարքավորումը, ամենայն հավանականությամբ չի համապատասխանի նախնական կանխատեսումներին:

Amazon

. Reuters-ի հաշվետվության համաձայն՝ օնլայն հարթակից ջնջել են ավելի քան 1 միլիոն անուն ապրանք, որոնք «կարող են» բուժել կամ պաշտպանել կորոնավիրուսից:

Եթե մեկ շաբաթ առաջ, դեռ կանխատեսում էին, որ համաճարակը կարող է վատ անդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա, այսօր արդեն դա արձանագրում են: Հունվարի 31-ին Moodyʼs Analytics -ը գրել էր, որ համաճարակը համաշխարհային տնտեսության համար կարող է այնպիսի «սև կարապ» դառնալ, որպիսին մենք դեռ չենք տեսել: Գործակալության փորձագետների կարծիքով հետևանքները կարող են ավելի վատը լինել, քան 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամը, կամ, նույնիսկ, 1920-ականների մեծ դեպրեսիան:

Թեգեր: Apple, Google