․․․․․․․Կամ ծնկի եկեք

․․․․․․․Կամ ծնկի եկեք

Կորոնավիրուսի ֆենոմենը դեռ շատ կքննարկեն։ Հիանալի առիթ է տարատեսակ վերլուծությունների, գիտական աշխատությունների ու անբովանդակ թրեյնինգների համար։ Մի խոսքով այս համաճարակն անգամ մարելուց հետո դեռ շատ ջուր կքաշի։ Սուր շնչառական հիվանդությունների համաճարկներ այս սեզնոին լինում են ամեն տարի ու հաճախ շատ ավելի մեծ թվով մարդիկ են մահանում։ Սակայն COVID-2019-ը ծնկի բերեց բոլորին։ Ու խուճապը գերազանցեց վիրուսի իրական վտանգին։

«Անընդհատ թվեր են թարմացվում, անընդհատ նեռվի վրա են պահում, դրա համար էլ առաջանում է խուճապը»:

Սամվել Մարտիրոսյան

Խուճապի առաջացման ու տարածման գործում մեծ է ԶԼՄ-ների դերը։  Սա փաստում են բոլոր մասնագետները։  Հաճախ նորություններն ավելի արագ են տարածվում, քան հենց ինքը՝ վիրուսը։ Նման պարագաներում շատ կարևոր է լինել մեդիագրագետ ու տարբերել կեղծ լուրերն՝ իրականից։

Մի քանի պարզ խորհուրդ մեդիափորձագետից, որոնք կօգնեն Ձեզ արտակարգ իրավիճակներում խուճապի չմատնվել։

1․Հետևեք պաշտոնական լրահոսին

ՉԷ, սա առողջապահության նախարարության PR ակցիան չէ։ Պարզապես կա տեղեկատվություն, որի ստացման մնացած բոլոր տարբերակները գոնե կասկածելի են։

Սամվել Մարտիրոսյան.

«Եթե խոսքը համաճարակների մասին է, ապա իրական պատկերը տեսնում է միայն առողջապահության նախարարությունը։ Հնարավոր է, որ ամբողջ իրականությունն այն ձեզ չներկայացնի, սակայն ճշմարիտ պատկերին միայն նրանք են տիրապետում։ Տեսականորեն հնարավոր է, որ լրագրողը գնա բոլոր հիվանդանոցներով ու փորձի ճշտել, թե քանի հիվանդ կա, սակայն դա էլ հարցի լուծում չէ, քանի որ գերատեսչությունների ինֆորմացիան միայն հիվանդանոցների տվյալներով չէ, որ համալրվում է։ Տվյալ պարագայում մնացած բոլոր աղբյուրները կասկածելի են, ու մեծ է հավանականությունը, որ կդառնաք կեղծ լուրերի սպառող։

Հաճախ որևէ բժշկի խոսք է տարածվում, որը վերաբերում է միայն տվյալ տարածքին, սակայն լրատվամիջոցներն այն գլոբալիզացնում են ու վերագրում ամբողջ պետությանը»։

Հաճախ պաշտոնական լրահոսին այլընտրանք փնտրելու ճանապարհին սկսում ենք տուրք տալ տարատեսակ դավադրությունների տեսությունների: Այդ հանգամանքից էլ օգտվում են, այսպես ասած, «սունկ» կայքերն, որոնք եղած տեղեկատվությունը ձևախեղելով՝ ներկայացնում են որպես իրականություն ու շատ արագ տարածում։

2․Ստուգեք տեղեկատվությունն ամեն դեպքում

Սամվել Մարտիրոսյան.

«Հաճախ ապատեղեկատվությունը, հատկապես արտակարգ իրավիճակներում, դիտմամբ են տարածում՝ շատ կոնկրետ նպատակներ հետապնդելով։ Ոմանք գումար են աշխատում, ոմանք քաղաքական շահեր են հետապնդում։ Սոցցանցերի դարաշրջանում դա ավելի քան հեշտ է։ Այդ պատճառով անհրաժեշտ է ստուգել ցանկացած տեղեկատվություն, գոնե մի քանի աղբյուրից։ Չնայած գիտեմ, որ ոչ ոք դա չի անի։ Ինչևէ, փորձեք գտնել սկզբնաղբյուրն ու հասկանալ՝ արդյո՞ք որևէ շահ չի հետապնդում աղբյուրն այդ նյութը տարածելիս»։

3․Մի բան էլ իմ կողմից

Սովորաբար ապատեղեկատվությունը տարածում են այն կայքերը, որոնք չունեն ոչ խմբագրություն, ոչ աշխատակիցներ։ Նման կայքերն աշխատացնում է ընդամենը մեկ անձ՝ տանը նստած։ Տարատեսակ ապատեղեկատվություն տարածելով ու դիտումներ հավաքելով գումար է աշխատում։ Ինչու՞ է դա նրա մոտ ստացվում… որովհետև Դուք, հարգելի քաղաքացիներ, մեդիագրագետ չեք ու տուրք եք տալիս ապատեղեկատվությանը։

Քայլ առաջին

Նման կայքերն իրարից տարբերելու լավ միջոց է դոմեյնը։ Հայկական տիրույթում գործող այն կայքերը, որոնք գրում են տեղի ներքաղաքական ու հասարակական կյանքի մասին, գրում են հայերեն լեզվով, սակայն նրանց անվանումը վերջանում է .ru, .co, .it դոմեյններով, վստահելի չեն: Մեծ է հավանականությունը, որ դրանք հերթական խոհանոցից վարվող կայքերն են (խոսքը չի վերաբերվում նեղ մասնագիտական կամ ներկայացուցչական կայքերին)։

Քայլ երկրորդ

Գտեք կայքի «Մեր մասին» բաժինը։ Հաճախ նման կայքերը որևէ տեղեկություն չեն դնում այդ հատվածում, կամ էլ ուղղակի հասցեներ ու հեռախոսահամարներ են գրում։ Ստուգեք այդ հասցեների ու հեռախոսահամարների իսկությունը։

Հ․Գ․ Իհարկե դուք կամ կալարեք կամ ժամանակ չեք ունենա հետևելու քայլերի այս հաջորդականությանը, այդ պատճառով հետևեք միայն պաշտոնական լրահոսին։

Հ․Գ․ 2 Իրականում խուճապի առաջացման օբյեկտիվ պատճառներ էլ կան։ Երեկ գրեցինք, թե աշխարհում ովքեր են խուճապի մատնվել։ Եթե նրանք են տուրք տալիս խուճապին, հասարակ քաղաքացիներից մեդիագրագիտություն պահանջելը մի տեսակ ծիծաղելի է դառնում։ Բայց ամեն դեպքում, մինչև տարածելը ստուգեք Ձեր ստացած ցանկացած տեղեկատվություն, որպեսզի հետո հիմար վիճակում չհայտնվեք ու չդառնաք կեղծիքի սպառող ու տարածող։

Աղվան Ասոյան

Թեգեր: rick and morty