Եղի՛ր ակտուալ․․․․ վարորդն այլևս ակտուալ չէ

«Հաճախ մասնագետ լինելու համար քեզ ոչ դիպլոմ է պետք, ոչ բարձրագույն ու ոչ էլ նույնիսկ միջնակարգ կրթություն։ Տառաճանաչությունը լրիվ բավարար է»։

Ցավոք սրտի, Հայաստանում մեծամասամբ հենց նման մարդիկ են ընտրում այդ մասնագիտությունները, ինչն էլ լուրջ խնդիրներ է առաջացնում։ Խոսքը հասարակական տրանսպորտի ու տաքսու վարորդների մասին է։ Սրանք երազանքի մասնագիտություններ չեն, բայց մեծ պահանջարկ են վայելում։  Մոտ ապագայում, սակայն, վարորդները, նաև առաքիչները կսկսեն նոր աշխատանք ու մասնագիտություն փնտրել։ Բողոքի հսկայական ալիքի մասին էլ չեմ ասում, որովհետև դժվար է մարսել, երբ աշխատանքդ ձեռքիցդ խլում է հենց քո մենքենան, որն ընթանալու համար այլևս քո կարիքը չունի։

Առաջինը հարվածի տակ են տաքսիստներն ու հասարակական տրանսպորտի վարորդները: Արդեն այսօր մշակվում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք երթևեկությունը կդարձնեն ոչ միայն ավտոմատացված, այլև ավելի անվտանգ: Միայն պատկերացրեք հասարակական տրանսպորտ առանց  ծխող ու անճաշակ երաժշտություն լսող վարորդների: Հայաստանում սա հատկապես ակտուալ է: Ավոտամացված երթևեկությամբ մեքենաների կոնցեպտուալ մոդելներ են ստեղծել արդեն «Honda», «Ford», «Volkswagen», «Mitsubishi», «Waymo» և իհարկե «Tesla» ընկերությունները: ԱՄՆ-ում անգամ հատուկ քաղաք են կառուցել նման տեխնոլոգիաների փորձարկման համար: Սակայն երթևեկության ավտոմատացումը աշխատատեղեր կզբաղեցնի նաև առաքման ոլորտում: Ճիշտ է, այժմ հիմնականում փորձարկվում են օդային առաքումները, տարատեսակ դրոնների միջոցով, սակայն ավելի վաղ «Amazon» ու «Alibaba» ընկերություններն արդեն փորձարկել են ռոբոտ առաքիչների: «Agility Robotics» ընկերությունն էլ երկոտանի ռոբոտին ձեռքեր ավելացրեց:

Առանց վարորդ մեքենաների հիմնական խնդիր այն է, որ նրանք կողմնորոշվում են միայն հստակ կահավորված ճանապարհներին։ Նրանց համար թիվ մեկ ու միակ խնդիրը՝ ապահովել իր ուղևորի անվտանգությունը։ Այս դեպքում վտանգվում է հետիոտնի անվտանգությունը, քանի որ արհեստական բանականությունը ինքնուրույն ԴԵՌ չի մտածում։

Այս տեխնոլոգիաները դեռ չափազանց հում են, սակայն սրանից 15 տարի առաջ արհեստական բանականություն կոչվածն էլ մառազմի ժանրից էր թվում։ Առանց վարորդի մեքենաների հետ կապված մի քանի իրարամերժ տեսակետներ կան, որոնք կասկածի տակ են դնում մոտ ապագայում դրանց լայնամասշտաբ կիրառումը։ Սակայն այդ տեսակետներին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։ Դու կարևորը ձեռքդ զարերակին պահիր ու մասնագիտություն ընտրելուց առաջ մի փոքր երկար մտածիր՝ վաղն ինչո՞վ ես զբաղվելու։ Կոնցեպտներն արդեն կան, միասնական համակարգը չկա։ Դա էլ ժամանակի հարց է։

Ի գիտություն

Տեխնոլոգիական զարգացումն ու դրան հետևող արդյունաբերական հեղափոխություններն ու հետհեղափոխական անցումային շրջանները մարդկությունը երբեք էլ լավ չի մարսել։ Առաջին ընդվզումն ինդուստրիալ առաջին հեղափոխությանը հետևած լուդդիտական շարժումն էր։ Լուդդիտները դրանք մարդիկ էին, որոնք 19-րդ դարի առաջին քառորդում հարձակվում էին գործարանների ու ֆաբրիկաների վրա ու կոտրում էին բոլոր հաստոցները։ Դրանց պատճառով նրանք զրկվել էին աշխատանքից, նոր մասնագիտություն յուրացնելու համար էլ կամ ուժերը չէին ներում, կամ էլ պարզապես ցանկություն չունեին։ Իհարկե, նման շարժումների ժամանակ անհնար է գերագնահատել նորին մեծություն եկեղեցու դերը, որը մարդկանց ներշնչում էր, թե այդ բոլոր հաստոցներն ու գիտական հայտնագործությունները Սատանայի ձեռքի գործն են։ Ինչևէ, մարդիկ չէին ընդունում գիտական առաջընթացն ու կոտրում էին հաստոցներն ու մերժում էին այն ամենն, ինչ ժամանակակից էր։  Ժամանակները փոխվեցին, տեխնոլոգիաներն էլ ավելի զարգացան, եկեղեցու դերը թուլացավ, սակայն մարդիկ չփոխվեցին։ Հիմա էլ սոդոմական մեղքերը վերագրվում են տարատեսակ ռոբոտներին ու արհեստական բանականությամբ հագեցած ավտոմատացման ծրագրերին։ Դրանց պատճառով այսօր ավելի մեծ քանակությամբ մարդիկ են մնում առանց աշխատանքի։ Նոր մասնագիտություններ յուրացնելն այսօր անհամեմատ ավելի հեշտ է, նույնիսկ անվճար, սակայն մարդիկ միևնույնն է, դա չեն անում։