Տեխնոշաբաթ Գորիսում

Տեխնոշաբաթ Գորիսում

Ապրիլի 13-19-ը Գորիսը կդառնա Հայաստանի տեխնոկենտրոնը։ Instigate ու gg ընկերությունները համատեղ Գորիսում կազմակերպում են Tech Week Goris 2020 տեխնոփառատոնը։ Երեք օրերի ընթացքում Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններն ու տեխնոկոնֆերանսների թիմերը Գորիսում կխոսեն այն ամենից, ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին։ Փառատոնի կազմակերպիչ Սպարտակ Կյուրեղյանն itTrend-ի հետ զրույցում նկատում է, որ սա հիանալի առիթ է նոր կապեր ձեռք բերելու և ներդրումներ ներգրավելու համար։

Ինչու՞ Գորիս

Փառատոնի կազմակերպիչների խոսքով, միջոցառման անցկացման համար ընտրելով Գորիսը՝ փորձում են ապակենտրոնացնել շուկան։ Բանն այն է, որ շուկայի ու ընկերությունների ճնշող մեծամասնությունը կենտրոնացել է մայրաքաղաքում։ Դրա պատճառով այժմ ռեսուրսների պայքար է գնում խոշոր ընկերությունների միջև։ Սա ստեղծում է որոշակի լարված մթնոլորտ, փոքր ընկերություններն էլ հաճախ չեմ դիմանում ու պայքարից դուրս են մնում։ Մեկ ուրիշ խնդիր էլ կա։ Մարզերում ունենք ահռելի պոտենցիալ ու ռեսուրսներ, որոնք այս գերկենտրոնացվածության պատճառով այդպես էլ մնում են չբացահայտված։ Նման փոքր քայլերով պետք է լուծել խնդիրը։ Արդյունքում և՛ լարվածությունը կթուլանա, և՛ կբացահայտեն ու կօգտագործեն մարզային պոտենցիալն ու ռեսուրսները։

«Սա լավ հնարավորություն է իրարից անկախ գործող, հաճախ իրար գոյության մասին անգամ չիմացող ընկերությունների համար, որպեսզի նոր կապեր ձեռք բերեն։ Լավագույն գաղափարներն ու արտադրանքը ծնվում են հենց նմանատիպ միջոցառումների ժամանակ, երբ մարդիկ փոխանակվում են իրենց փորձով ու գաղափարներով»,- ասում է կազմակերպիչ Սպարտակ Կյուրեղյանը։ Փառատոնին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել պաշտոնական կայքում, որը շուտով կթողարկվի։ Սա նմանատիպ առաջին փառատոնն է։ Նախատեսում են նմանատիպ փառատոններ անցկացնել Հայաստանի բոլոր մարզերում։

Թեգեր: Tech Week Goris 2020