Իլոն Մասկը վախենում է մեռնել ավելի շուտ, քան․․․

Երկուշաբթի Իլոն Մասկն ուղղակի անճանաչելի էր։ Երբեմնի կենսուրախ, մեկ մեկ նաև ցինիկ հանճարն այդ օրն ուղղակի ուժասպառ տեսք ուներ։ Հենց այդ օրն էլ դեմքի նույն արտահայտությամբ հայտարարեց, որ մի մեծ մտավախություն ունի, որ SpaceX ընկերությանը չի հաջողվի մինչև իր մահը կատարել իր հիմնական առաքելությունը, այն է՝ վայրէջք կատարել Մարսի վրա։

Վաշինգտոնում կայացած Satellite 2020 գիտաժողովի ժամանակ նա հայտարարել է․ «Եթե մենք չբարելավենք մեր զարգացման տեմպերը, ես հաստատ կմեռնեմ մինչև այն պահը, երբ մենք կուղևորվենք Մարս։ Եթե մեզնից 18 տարի պահանջվեց նախապատրաստական աշխատանքների համար, որպեսզի առաջին մարդիկ ուղեծիր դուրս գան, ապա մենք պարտավոր ենք արագացնել մեր տեմպերը։ Այլապես, ես կմեռնեմ մինչև այդ իրադարձությունը»։

Tesla Inc. և Space Exploration Technologies Corp. ընկերությունների 48-ամյա գլխավոր տնօրենը վերջին տարիներին ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր Starlink-ի վրա, որը SpaceX-ի արբանյակային բիզնեսն է։ Բիզնեսի հիմնական նպատակը լայնաշերտ ինտերնետի մատակարարումն է այն վայրերում, որտեղ կա՛մ ինտերնետ չկա, կա՛մ էլ բավարար արագություն չունի։ Ծրագիրը կսկսի գործել այս տարվանից, հաղորդում է Bloomberg-ը։

«Մենք մտածում ենք այդ զրոյական մակարդակի մասին»,- ասել է Մասկը։ Այս հայտարարությունը, սակայն լիովին հակասում է նրա նախորդ ամսվա հայտարարություններին, երբ Մասկը գրեթե վստահ էր իր ծրագրի հաջողության ու անխափան աշխատանքի վրա․ «Մենք պետք է ստիպենք, որ դա աշխատի»,- ասել էր նա։

Ագրեսիվ հայտարարություններից նման զգուշավոր բառապաշարի անցումը հուշում է, որ կամ ընկերությունում գործերն այնքան էլ լավ չեն, կամ էլ Մասկը վերջապես երկնքից իջել է Երկիր, ու սկսել է ավելի իրատեսական գնահատել իր հնարավորությունները։