Չինացի դպրոցականները հողին են հավասարեցրել DingTalk հավելվածը

Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ բռնկվել էր կորոնավիրուսի համաճարակը, փակվել են բոլոր դպրոցները։ Այդ պատճառով դպրոցականները ստիպված էին օգտագործել Alibaba-ի կորպորատիվ հավելվածը՝ DingTalk։ Դրա միջոցով դպրոցականները պետք է հեռակա դասապատրաստում անցնեին։ Դեռ հունվարին այդ հավելվածը բազմաթիվ կրթական կարգավորումներ էր ստացել։ Ու դա էլ հենց ճակատագրական եղավ հավելվածի համար։ Դպրոցականները պարզապես հազարներով բացասական գնահատական էին տվել հավելվածին՝ մեկ աստղ նշանակելով։ Ընդ որում, լուրեր են պտտվում, որ մեկ աստղանի հավելվածները հեռացվելու են App Store-ից։ London review of books-ի փոխանցմամբ, չինացի երեխաներն արեցին այն, ինչն էլ սպասվում էր նրանցից՝ նրանք ռումբ դրեցին DingTalk-ի տակ։

Դպրոցականների պահվածքն իրականում հասկանալի է։ Պատկերացրեք, որ հիանալի շանս է ընձեռնվել՝ տանը մնալու, անկողնում մի քանի ժամ ավելի թավալ գալու ու այդ ձանձրալի տնային հանձնարարությունները չանելու համար, մեկ էլ հոպ՝ դասերի պետք է հաճախել հավելվածի միջոցով։ Տրամաբանական է, որ նման հավելվածը բնավ դպրոցականների երազանքը չէ։

TechNode  օնլայն պարբերականի փոխանցմամբ հիմա արդեն DingTalk-ը կենաց մահու կռիվ է տալիս։

DingTalk-ը չինական Bilibili կայքում մի հոլովակ հրապարակեց, որտեղ ներողություն էր խնդրում դպրոցական երեխաներից։  Հոլովակում ամենատպավորված մեմերն ու մուլտֆիլմերի հերոսները ծանոթ երաժշտության ուղեկցությամբ երգում են ու խնդրում են, որպեսզի երեխաները բարձր գնահատական դնեն իրենց App Store-ում․ «Ես գիտեմ, սիրելի երեխաներ, դուք նման արդյունավետությամբ արձակուրդի չէիք սպասում։ Խնդրում եմ, այլևս ինձ միաստղանի վարկանիշի մի արժանացրեք։ Ինձ ընտրել են այս աշխատանքի համար ու ես ոչինչ անել չեմ կարող»։ Հոլովակը դիտել են ավելի քան 17 միլիոն անգամ։

Դպրոցականներն, այնուամենայնիվ, պատասխանել են DingTalk-ի խնդրանքին ու մեկնաբանությունների բաժնում գրել էին, որ պատրաստ են հինգ աստղ նշանակել, սակայն դա 5 մասով կանեն։ 

DingTalk-ն այդ հոլովակից հետո հինգաստղանի վարկանիշ, այնուամենայնիվ, ստացավ։ Երբ դպրոցականներն ու ուսանողներն արդեն լրջորեն ռմբակոծում էին հավելվածը, TechNode -ը գրեց, որ այնպիսի տպավորություն է, որ այդ գնահատականները մեծահասակ օգտատերերն են դնում (խոսքը բարձր գնահատականի մասին է), քանի որ առանձնապես ցնցված չեն այն հանգամանքից, որ իրենց երեխաները դպրոց չեն գնում։

Չնայած այս ամենին՝ ընկերության գլխավոր տնօրենը կատակել էր․ «Խաղալն ու խաղերի հանդեպ սերը երեխաների բնության մեջ է։ Եթե ես լինեի նրանց փոխարեն ու պարտավորված լինեի ամեն օր օնլայն դասերի հաճախել, երևի ես էլ նույն կերպ կվարվեի», – TechNode -ի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Չեն Հանգը։

Apple-ը չի պատասխանել ո՛չ մեկնաբանություններին, ո՛չ էլ հարցումներին։

DingTalk-ը դեռ օնլայն խանութներում է։ Որպեսզի վերջնականապես նրան շարքից հանեն ու թվային չար կատակ խաղան նրա գլխին, մեկաստղանի վարկանիշը բավարար չէ։ Սակայն ընկերությունը մութ անցյալ ունի։ Նրա կորպորատիվ ծառայություններն էլ դրական արձագանքների առանձնապես չեն արժանացել։ Մնում է սպասել Apple-ի որոշմանը։