Huawei-ի «Ոդիսականը» կրկին փակուղում հայտնվեց

Huawei-ի «Ոդիսականը» կրկին փակուղում հայտնվեց

Չինական Huawei ընկերության գլխին սև ամպերը շարունակում են խտանալ։ Ընկերությունը Պեկինի ու Վաշինգթոնի ընդհարումների փակուղում հայտնվելուց հազիվ էր դուրս եկել, հիմա էլ Մեծ Բրիտանիան է «կամուկացի» մեջ։

Հայտնի փաստ է, որ ԱՄՆ-ում այդ ընկերությունը վտարանդիի կարգավիճակ ունի։ Ավելի քան մեկ տարի չինական հեռահաղորդակցման հսկան տարատեսակ ստուգումների ու աուդիտների պակաս չունեցավ՝ իր ոչ այնքան հաճելի հետևանքներով։ Այդ ստուգումներից հետո մի շարք երկրներ արգելեցին նրա արտադրանքն իրենց տարածքում։ Huawei-ի արտադրած հեռախոսները պրակտիկորեն հնարավոր չէ տեսնել ԱՄՆ տարածքում։ Չնայած դրան՝ այն մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում։

Ընկերության ներկայացուցիչներն արդեն կանխատեսում են, որ 2020-ը երազանքի տարի չի լինի իրենց ընկերության համար, ու իրադարձությունների նման զարգացումն ու ընթացքը կարծես թե դրա վառ ապցույցն են, թեև տարին դեռ նոր է սկսվել։

ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել դաշնակիցների վրա, որպեսզի նրանք արգելափակեն Huawei-ն ու նրա նոր սերնդի 5G անլար ցանցը։

Չնայած դրան՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն, այնուամենայնիվ, համարձակվեց համաձայնություն տալ Huawei-ին, որպեսզի նա սկսի 5G ցանցի համար նախատեսված ենթակառուցվածքների շինարարությունն իրենց երկրում։ Սա շատ կարևոր նախադեպ էր, քանի որ անլար հեռահաղորդակցության ցանցերը ավելի մեծ տարածում են ձեռք բերում։

Սա դուր չեկավ ԱՄՆ կառավարությանը և նրանք կոչ են արել վերանայել իրենց որոշումը։ ԱՄՆ-ը աշխատում է հասնել նրան, որպեսզի բացառի Huawei-ի ու նրա 5G ցանցի ներկայությունն Արևմուտքում։

Սակայն Ալբիոնում էլ ամեն ինչ այնքան հարթ չէ, ինչքան կուզենար Huawei-ը։ Այստեղ էլ Բորիս Ջոնսոնին կատաղի դիմադրություն են ցույց տալիս պահպանողականները։ Նրանք ընդհանրապես սպառնում են աջակցել հեռահաղորդակցության նոր օրինագծին, ըստ որի 2022 թվականից սկսած, բոլոր այն ընկերությունները, որոնք բրիտանացի մասնագետների եզրակացության արդյունքում կհամարվեն կասկածելի, ընդհանրապես դուրս կմղվեն երկրի ներքին շուկայից։

Մայք Ռեյքը, որը Huawei-ի նախկին խորհրդականն էր, բաց նամակով դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը․

«Huawei 5G սարքավորումները սահմանափակելու ցանկացած փորձ բերելու է շատ մեծ ծախսերի՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։ Այն կվնասի Չինաստանի հետ առևտրային հարաբերություններին ու կտապալի լայնաշերտ կապի ոլորտում կառավարության բոլոր հավակնությունները»,- ասված է հաղորդագրության տեքստում։

Պահպանողականներին, սակայն, այս ամենը մի տեսակ չի հուզում, և, ինչպես հաղորդում է Reuters-ը, նրանք մտադիր են տապալել Բրիտանիայում Huawei-ի 5G ցանցի ենթակառուցվածքների շինարարությունը:

Huawei-ի և Չինաստանի կառավարության միջև առկա լավ հարաբերությունները անհանգստացնում են գրեթե բոլորին։ Շատ երկրներ զգուշանում են, որ ընկերության սարքավորումները Չինաստանի կառավարությունը կարող է օգտագործել լրտեսության համար։ Հենց դա էր պատճառը, որ 2012 թվականին ԱՄՆ-ը արգելեց իր տարածքում գործունեություն ծավալող ընկերություններին օգտագործել Huawei-ի ցանցային արտադրանքը։ 2019 թվականին էլ Դոնալդ Թրամփն ընդհանրապես արգելեց Huawei-ի ցանկացած արտադրանքն ամբողջ երկրում։

Միայն կազմակերպությունների համար ժամանակավորապես հետաձգեցին արգելքի ժամկետը, որպեսզի նրանք կարողանան վերադասավորել իրենց ենթակառուցվածքները։ Համաձայն դրա, կազմակերպությունները դեռ մինչև ապրիլ կարող են աշխատել Huawei -ի հետ։ Huawei-ն էլ իր հերթին հերքում է, որ որևէ կապ ունի լրտեսության հետ ու մինչև օրս էլ չի ապացուցվել գոնե մի դեպք, որը կփաստեր, որ Huawei-ը լրտեսությամբ է զբաղվում։

Ամեն դեպքում, 5G ցանցի ապագան դեռ շարունակում է մշուշոտ մնալ, քանի որ ցանցի ենթակառուցվածքների խոշորագույն մատակարարը դեռ Huawei-ն է։

Թեգեր: China, Google, Huawei, USA