noomee. հավելված աուտիզմ ունեցող երեխաների համար

Աշխարհում յուրաքանչյուր 20 րոպեն աուտիզմ է ախտորոշվում մեկ երեխայի մոտ։  Դրանից հետո երեխայի հետ պետք է տանել երկար, մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ աշխատանք՝ հատուկ մասնագետների ուղեկցությամբ, խորհրդով ու վերահսկողությամբ։ Կան բազմաթիվ գաջեթներ, որոնք նախատեսված են աուտիզմ ունեցող երեխաների համար։ Օրինակ GPS ժամացույց կամ նույն ծրագրային ապահովումով հագեցած զարդ կամ հագուստ։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ դրանք չեն արդարացնում իրենց, հաճախ նույնիսկ վտանգավոր են հենց իրենց՝ երեխաների համար։ Լուծումը գտել են մերոնք։ Ծանոթացեք՝ noomee-ն է.  բջջային հավելված՝ նախատեսված աուտիզմ ունեցող երեխաների, նրանց թերապիստների ու ծնողների համար։

Noomee-ի թիմը կազմված է մեծամասամբ հենց աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատող թերապիստներից, այսինքն՝ մտահղացման հեղինակները բովանդակային մասին մոտեցել են շատ նեղ մասնագիտական տեսանկյունից։ Հավելվածը մշակվում է 2018 թվականից, սակայն շուկայում այն նորություն է։

«Երեխաները, միևնույն է, օգտվում են հեռախոսներից։ Պետք է այնպես անել, որ օգտվելն իրենց համար օգտակար լինի»,- itTrend-ի հետ զրույցում նշում է Գայանե Հովհաննիսյանը՝ noomee հավելվածի հեղինակը:

Հավելվածում գրանցվելիս պետք է պարտադիր նշել երեխայի տարիքն ու զարգացվածության աստիճանը, նաև երեխայի սեռն ու անունը։ Այս ամենից հետո արհեստական բանականությունը հասկանում է, թե կոնկրետ որ թերապիան է ավելի համապատասխանում տվյալ երեխային ու սկսվում է հրաշագործությունը։

«Առաջին հայացքից հավելվածն իր քայլերի հաջորդականությունով պարզունակ խաղ է հիշեցնում։ Սակայն հենց այդ քայլերի հաջորդականությունը թերապիայի շատ կարևոր ու անքակտելի մաս են կազմում։ Հավելվածի միջոցով, կախված զարգացվածության աստիճանից, երեխան նույնիսկ ինքնուրույն կարող է պլանավորել իր ամբողջ օրը։ Դրանով երեխան կարող է հասկանալ ու տեսնել, թե ինչ պետք է անի արթնանալուց հետո, ինչպես պետք է լվացվի, օգտվի զուգարանից, հարդարվի, շորերը հագնի և այլն»,-մանրամասնում է Գայանե Հովհաննիսյանը:

Հավելվածը հագեցած է նաև GPS համակարգով, որն ուղղակի նվեր է ընտանիքի անդամների համար։ Ով գործ է ունեցել աուտիզմ ունեցող երեխաների հետ, լավ գիտի, որ նրանք հաճախ կորում են ու հակվածություն ունեն տնից կամ կրթական հաստատությունից փախչելու։ Հավելվածի միջոցով ծնողը մշտապես կարող է իմանալ՝ որտեղ է գտնվում իր երեխան։

Ամեն օրվա վերջում հավելվածը ցույց է տալիս երեխայի գրանցած հաջողություններն ու թերապիայի արդյունքները։

Noomme-ն հասանելի է դեռևս միայն Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար, շուտով հասանելի կլինի նաև iOS տարբերակը։