Բիլլ Գեյթսը լքում է Microsoft-ը

Բիլլ Գեյթսը լքում է Microsoft-ը

Microsoft կորպորացիայի համահիմնադիր ու նախկին գլխավոր տնօրեն Բիլլ Գեյթսը լքել է տնօրենների խորհուրդը: Այս մասին հայտնում է հենց Microsoft-ի պաշտոնական կայքը: Գեյթսը խորհուրդը լքել է մարտի 14-ին:

Մինչև 2008 թվականը Գեյթսը զբաղեցնում էր ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Տնօրենի աթոռը թողնելուց հետո նա մնաց, որպես տնօրենների խորհրդի ներկայացուցիչ: 2014-ին այդ պաշտոնին էլ հրաժեշտ տվեց՝ դառնալով տնօրենների խորհրդի շարքային անդամ: Այդ ժամանակ ընկերության նոր գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան Գեյթսին առաջարկեց տեխնոլոգիաների գծով խորհրդականի պաշտոնը, որը Microsoft-ի համահիմնադիրը պահպանեց նաև խորհրդից հեռանալուց հետո: Գեյթսը նաև շարունակում է մնալ ընկերության խոշորագույն բաժնետերը: Նրա ունեցվածքն այժմ գնահատվում է 102 մլրդ. դոլար: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին:

Ինչպես նախկինում, հիմա էլ Գեյթսն իր հեռանալը բացատրեց, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել մարդասիրական ծրագրերին: Գեյթսի ու իր կնոջ՝ Մելինդայի ստեղծած հիմնադրամը ակտիվ ներդրումներ է կատարում առողջապահության ու տարբեր հետազոտությունների իրականացման մեջ:

Նրա հեռանալու մասին պաշտոնական տեղեկատվության հայտնվելուց հետո Գեյթսը LinkedIn-ի իր պրոֆիլում հրապարակում արեց, որտեղ հաստատեց, որ ցանակում է ավելի ակտիվ զբաղվել բարեգործությամբ:  

«Ամենայն հարգանքով Microsoft-ի հանդեպ, ես հեռանում եմ տնօրենների խորհրդից: Սակայն իմ պաշտոնաթողությունը բնավ չի նշանակում, որ ես հեռանում եմ ընկերությունից: Ես կշարունակեմ ակտիվ համագործակցել ընկերության ու անձամբ Սաթյայի հետ: Microsoft-ը միշտ էլ կլինի իմ կյանքի անբաժանելի մասը: Ես կօգնեմ ընկերությանը հասնել իր բոլոր հավակնոտ նպատակներին»,- ասել է Գեյթսը:

Գեյթսը նաև հեռացել է Berkshire Hathaway ընկերության տնօրենների խորհրդից: Ընկերությունը հիմնադրել էր հայտնի ներդրող ու գործարար Ուորեն Բաֆեթը: Berkshire Hathaway-ը ղեկավարում է տարբեր ոլորտներում աշխատող բազմաթիվ ընկերությունների: Գեյթսն ընդգծել էր, որ Berkshire Hathaway-ում տնօրենների խորհրդում աշխատելն իր կյանքի մեծագույն պարգևն էր, իսկ Ուորեն Բաֆեթը շարունակում է մնալ իր լավագույն ընկերը:

Թեգեր: Bill Gates, Microsoft