Ռուսաստանում նոթբուքերի դեֆիցիտ է

Ռուսական ԶԼՄ-ներն ահազանգում են, որ մասայական հեռավար աշխատանքի անցնելու պատճառով երկրում շուտով նոթբուքերի դեֆիցիտ կսկսվի։ Հայտնի է, որ նման սարքավորումների պահանջարկն աճել է մի քանի անգամ, սակայն Չինաստանը, որն էլ դրանց հիմնական արտադրողն ու մատակարարողն է, դեռ ամբողջությամբ ոտքի չի կանգնել կորոնավիրուսի պատճառով ու գործարանները շարունակում են փակ մնալ։

РБК-ն հայտնում է, որ հատկապես b2b ոլորտում մեծացել է նոթբուքերի պահանջարկը, քանի որ աշխատակիցները ցանկանում են տնից աշխատել։ Այդ պատճառով խոշոր խանութների ցուցասեղաններն ու պահեստները գրեթե դատարկվել են։

GfK վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է մարտի 2-15 ընկած ժամանակահատվածում նոթբուքերի վաճառքի դինամիկան։ Միայն առաջին շաբաթում վաճառքների աճը կազմել է 10 տոկոս, իսկ երկրորդ շաբաթում, արդեն 27 տոկոս։ Ընդ որում, նոթբուքերի վաճառքի աճի միակ մեղավորը կորոնավիրուսը չէ։ Ռուսաստանի աղաքացիները նաև զգուշանում են դոլարի կուրսի կտրուկ տատանումներից ու կարծիք կար, որ դրա պատճառով շուտով թանկանալու են գրեթե բոլոր տեխնոգաջեթները։

Softline ընկերության ղեկավար Դմիտրի Շալյաևը հայտարարել էր, որ Ռուսաստանի շուկան պարզապես պատրաստ չէր այս աժիոտաժին, ինչն էլ հանգեցրեց խանութների դատարկմանը։ Մեկ շաբաթվա մեջ նոթբուքների վաճառքն ավելացավ ավելի քան 5 անգամ։

Հայտնի է, որ ամենամեծ պահանջարկ վայելող նոթբուքերն են HP, Lenovo, ASUS և Dell ապրանքանիշերի նոթբուքերը։ Վերլուծաբանների խոսքով, այս դեֆիցիտը դեռ կշարունակվի ավելի քան երկու ամիս, հիմնականում Ռուսաստանում ու Եվրոպայում, մինչև Չինաստանում գործարանները նորից կսկսեն աշխատել ամբողջ ծավալով։