Օգտատերերը բողոքում են Apple-ի պահվածքից

Օգտատերերը բողոքում են Apple-ի պահվածքից

Սոցիալական ցանցերում բողոքի մեծ ալիք է բարձրացել iPhone օգտագործողների շրջանում։ Նրանք բողոքում են Apple-ի կոպի ու ոչ կեռեկտ պահվածքից։ Բանն այն է, որ ընկերությունը շարունակում է ծանուցումներ ուղարկել այն մասին, թե ինչքան ժամանակ եք անցկացրել սոցիալական կայքերում ու ինչքան եք օգտագործել Ձեր սմարթֆոնը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մարդիկ արդեն երկար ժամանակ գտնվում են կարանտինում։

Համատարած ինքնամեկուսացման պայմաններում սմարթֆոնները դարձել են արտաքին աշխարհի հետ կապը պահելու ամենատարածված ու անվտանգ միջոցը։ Ինչպես պարզվեց, հեռավար աշխատանքն ու համաշխարհային կարանտինը մեծ ազդեցություն են ունեցել սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակի վրա։ Հատկապես մեծացել է սմարթֆոններից մուտքը սոցիալական ցանցեր։

Apple ընկերությունն այն բրենդերից է, որը փորձում է հոգ տանել իր օգտատերերի «թվային առողջության» մասին։ Այդ պատճառով էլ ներդրել են մի համակարգ, որի միջոցով օգտատերերը ստանում են շաբաթական հաշվետվություն՝ «Weekly Screen Time Report», որտեղ բերվում է վիճակագրություն, թե ինչքան ժամանակ է մարդն անցկացրել այս կամ այն հավելվածում կամ կայքում։ Դրանից բացի ընկերությունը հաշվում է, թե նախորդ շաբաթվա համեմատ մարդ ինչքան է ավելացրել կամ նվազեցրել մոբայլ կոնտենտի օգտագործումը։

Ինքնամեկուսացումը վիրուսի տարածման կանխարգելման համար աշխատող մեթոդ է, սակայն վատ անդրադարձավ սմարթֆոններում անցկացրած ժամանակի վրա։ Այն ավելացավ մի քանի անգամ։

Mashable-ի տվյալներով, շատ iPhone օգտագործողներ բողոքում են, որ Apple-ի շաբաթական հաշվետվությունները նման պայմաններում շատ կոպիտ են։ Ընկերությունը սկսել է զգուշացնել, որ օգտատերերի մոտ հեռախոսային կախվածության նշաններ են երևում, քանի որ վերջին երկու շաբաթում սմարթֆոններում անկացրած ժամանակը կտրուկ աճել է։

«Իմ iPhone-ը․ սմարթֆոնում անցկացրած ժամանակն այս շաբաթվա ընթացքում աճել է 68%-ով։ Ես․ Չի կարող պատահել»,- այսպես է անթաքույց սարկազմով արտահայտվում Twitter-ի օգտատերերից մեկը։

«Չեմ ուզում լսել Apple-ի պատմություններն այն մասին, թե ինչպես է օգնում կորոնավիրուսի կանխարգելման հարցում։ Ես ուզում եմ, որ էլ ինձ Screen Time ծանուցումներ չուղարկի»,- գրում է մեկ ուրիշ օգտատեր։

Շատերն իրենց ափսոսանքն են հայտնում, որ ստիպված են ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց սմարթֆոններում։  

Թեգեր: iPhone