Հայաստանյան ինտերնետը տրաֆիկի խնդիր չունի. վստահեցնում են ՀՀ պրովայդերները

Հայաստանյան ինտերնետը տրաֆիկի խնդիր չունի. վստահեցնում են ՀՀ պրովայդերները

Համաեվրոպական կարանտինն իսկական պատուհաս է դարձել հատկապես ինտերնետ պրովայդերների համար: Մի քանի խոշոր պրովայդերներ կարանտինի առաջին շաբաթից սկսած ահազանգում են, որ կապուղիները պարզապես չեն դիմանում ծանրաբեռվածությանը: Սա ստիպեց Եվրամիության ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի շարունակեն օգտվել անխափան ինտերնետից կամ վերջնակապես չզրկվեն դրանից: Եվրակոմիսար Թյերի Բրետոնը դիմել էր մի շարք սթրիմինգային ծառայությունների, այդ թվում՝ Netflix-ին ու YouTube-ին, որպեսզի վերջիններս նվազեցնեն տրաֆիկը գոնե Եվրոպայում: Այդ կերպ ծանրաբեռնվածությունը գոնե ինչ-որ կերպ կթեթևանա:

Ի՞նչ վիճակ է Հայաստանում

Պարզելու համար՝ կա՞ արդյոք հավելյալ ծանրաբեռնվածություն այս օրերին և ինչքա՞ն է աճել ինտերնետ տրաֆիկը արտակարգ դրության հաստատումից  հետո Ittrend-ը հարցում ուղարկեց Հայաստանի երեք խոշոր պրովայդերներին (Ucom, Beeline և VivaCell MTS):

Ucom

Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանի խոսքով ներկա պահին ոչ մի անոմալիա չկա:

«Սովորաբար յուրաքանչյուր ամսվա սկզբին միշտ էլ ունենում ենք 5-10% տրաֆիկի աճ: Այս ամիս նույնպես բացառություն չէր: Սակայն, ի տարբերություն նախորդ ամիսների, արտակարգ դրության հաստատումից հետո տրաֆիկի աճը պահպանվեց ու ներկա պահին աճը կազմում է 20 %: Ոչ մի պատմական պիկ չի գրանցվել: Մեր պատմական պիկը եղել է հեղափոխության օրերին: Հիմա դրան նույնիսկ մոտ էլ չէ տրաֆիկը: Ընդհանրապես ոչ մի պատմական պիկին մոտ չէ: Նման տրաֆիկն ավելի քան նորմալ է»:

Աշոտ Բարսեղյանը վստահեցնում է, որ ընկերությունը պատրաստ է դիմանալ մի քանի անգամ ավելի մեծ ծանրաբեռնվածությանը, առանց տրաֆիկի կորստի: Ներկա պահին տիրող իրավիճակն անգամ ծանրաբեռնվածություն անվանել չի կարելի:

Beeline

Գծավոր պրովայդերն էլ առանձնապես ծանրաբեռնված չէ, թեև տրաֆիկի որոշակի աճ կա: Մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն ամսվա 9-15-ի համեմատությամբ, ֆիքսված ինտերնետի տրաֆիկն աճել է 24%-ով:  Նույն ժամանակահատվածում բջջայինինտերնետիօգտագործումն աճելէ 4%-ով: Ավելորդ ծանրաբեռվածության մասին ոչ մի խոսք:

VivaCell MTS

VivaCell MTS-ում թվեր չհայտնեցին: Բանն այն է, որ դեռ որևէ հաշվարկ չեն արել, տվյալ ժամանակահատվածի ամբողջական պատկերը թվերով ստանալու համար: Սակայն ընկերությունում հավաստիացնում են, որ ոչ մի ֆորսմաժորային իրավիճակ ներկա պահին չկա, և ընկերությունում ունակ են ավելի մեծ ծավալներով էլ որակյալ սպասարկում իրանացնել:

Ինչ է ստացվում

Եթե համեմատենք Եվրոպայում տիրող իրավիճակի հետ, Հայաստանն այժմ ավելի քան շահեկան դիրքերում է գտնվում: Կապուղիներն ու ինտերնետ տրաֆիկը ոչ միայն ծանրաբեռնված չեն, այլև ունակ են դիմակայելու ներկա տրաֆիկի՝ մինչև հինգ անգամ գերազանցող ծանրաբեռնվածությանն ու հասարակ օգտատերերը ոչ մի փոփոխություն չեն զգա: Պրովայդերներից մեկը հայտնեց, որ «նույնիսկ Մերձավոր Արևելքին ենք մինչև 0.5 տերաբայթ տրաֆիկ տրամադրել»: Այնպես որ, անհանգստանալու կարիք ընդհանրապես չկա: Թեև YouTube-ի ու Netflix-ի սահմանափակումների տակ կարող ենք նաև մենք էլ ընկնել: Կարող եք հանգիստ օգտագործել ինտերնետն ինչքան ու ինչպես կուզեք: Բայց ցանկալի է դա անել ՏԱՆԸ ՆՍՏԱԾ:

Աղվան Ասոյան

Թեգեր: Beeline, Internet, netflix, traffic, Ucom