Տեխնոհսկաները քավում են իրենց մեղքերը

Տեխնոհսկաները քավում են իրենց մեղքերը

Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2019-ի վերջին, Սիլիկոնյան հովտի ՏՏ խոշորագույն ընկերությունները դարձել էին մարդկության գլխավոր թշնամին: Համենայն դեպս քննադատները նրանց այդպես էին ներկայացնում: Amnesty International-ը վստահեցնում էր, որ Apple-ը, Amazon-ը, Google-ը, Microsoft-ը, Facebook-ը և մի շարք այլ բրենդեր մեծ վտանգ են ներկայացնում մարդու իրավունքների համար: Այս ընկերություններին մեղադրում էին անձնական տվյալների հավաքագրման ու գովազդատուներին դրանց վաճառքի, ինտերնետ կախվածության սերմանման ու տոտալ վերահսկողություն սահմանելու մեջ:

Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում այդ նուն վնասատուները վերածվեցին փրկիչների:  Թիմ Կուկն ու Մարկ Ցուկերբերգը խոստանում են ամերիկացիներին նվիրաբերել միլիոնավոր բժշկական դիմակներ: Դրան զուգահեռ մեծ փողեր են նվիրաբերում, որպես աջակցություն փոքր բիզնեսին: Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն իր մոտ աշխատանքի է հրավիրում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կարանտինի պատճառով:  

Անգամ Իլոն Մասկը Կալիֆորնիային նվիրաբերեց ավելի քան 1200 արհեստական շնչառության սարքեր, ինչի համար նահանգապետը նրան հերոս անվանեց:

Ինչպես նշում է The Verge-ը, ժամանակն է մեկ պարզ հարց տալու՝ մի՞թե ՏՏ ընկերությունների դեմ պատերազմը, որը վարում էին քաղաքական գործիչները, ԶԼՄ-ներն ու սովորական քաղաքացիները, մոտեցավ իր ավարտին: Մի՞թե ներվեցին Սիլիկոնյան հովտի հսկաների բոլոր նախկին մեղքերը:

Սթիվեն Լևին (Wired-ից) գրում է, որ Հովտի չարագործությունների հետևանքներն ակներեև են նաև այսօր: Բայց նրանց գործողություններն այսօր ավելի մեծ նշանակություն ունեն մարդկանց համար, քան նախկին՝ տվյալներ հավաքագրողի կերպարը:

«Մենք օգտագործում ենք Facebook-ը թեթևանալու համար, այն շատ է օգնում մեկուսացման պայմաններում: Google-ը պետք է դառնա կորոնավիրուսի դեմ պայքարի կարևորագույն կենտրոններից մեկը: Մեր անձնական առաքումների երևի թե միակ շղթան, որի միջոցով մենք ստանում ենք առաջին անհրաժեշտության պարագաները, դա Amazon է: Ո՞վ կմտծաեր, որ տեխնոընկերությունների հանդեպ հակակրանքն այսքան խոցելի է վիրուսի նկատմամբ»,- գրում է Լևինը:

 CNBC-ից Սալվադոր Ռոդրիգեսը, գնահատելով կապույտ սոցցանցի հաջողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում, գրում է. «Facebook-ը չի կարող միանգամից վերականգնել օգտատերերի վստայությունը, բայց երբ հնարավորություն ընձեռնվեց, գլոբալ ճգնաժամի օրերին լինել նախաձեռնող և օգնել առողջապահական ու ֆինանսական ոլորտներում, նա գործեց առանց հապաղելու»:

Սակայն չպետք է մոռանալ, որ Սիլիկոնյան հովիտը, բացի սեփական իմիջը վերականգնելուց, բազմաթիվ այլ բոնուսներ էլ կստանա: Շատ մարդիկ, որոնք Facebook-ի հանդեպ բացասական վերաբերմունք ունեին, հիմա իրենք էլ գրանցվել կապույտ սոցցանցում, որպեսզի կարողանան շփվել հարազատների հետ: Բայց մեծ հավանականություն կա, որ կարանտինի ավարտից հետո հավելվածը կշարունակի մնալ նրանց սմարթֆոններում: Նույնը վերաբերվում է նաև Amazon Prime-ին: Մարդիկ, որոնք հիմա բոնուսներ են ստանում իրենց գնումներից, չի բացառվում, որ կարանտինից հետո էլ կշարունակեն օգտվել ծառայությունից:

Փաստը մնում է փաստ, որ տեխնոհսկաները, կամաց-կամաց վերականգնում են իրենց վստայհությունը օգտատերերի շրջանում: Թեկուզ ժամանակավորապես:

Նրանցից շատերին դատական գործընթացներ են սպասվում, նաև դաշնային հետաքննություն, որոնք հիմա սառեցված են պանդեմիայի պատճառով, բայց մի բան հաստատ է, տեխնոհսկաները ճիշտ մարտավարություն են ընտրել:

Թեգեր: Amazon, Facebook, Google, Tesla