Կորոնաճգնաժամ, որը սպառնում է նաև ՏՏ ընկերություններին

Կորոնաճգնաժամ, որը սպառնում է նաև ՏՏ ընկերություններին

Կորոնավիրուսի պանդեմիայի օրերին տարբեր երկրների կառավարություններ որոշեցին սոցիալական աջակցություն ցուցաբերել բիզնեսին, ավելի կոնկրետ՝ բիզնեսի որոշ սեգմենտներին։ Գրեթե բոլոր դեպքերում այդ աջակցության ծրագրերի մեջ չմտան ՏՏ կազմակերպությունները։ Նրանց աշխատանքը օնլայն է, բիզնեսը չի տալիս որևէ շոշափելի (բառի բուն իմաստով) արտադրանք և այլն։ ԲԱՅՑ։ ՏՏ ընկերությունների մեծ մասն աշխատում է սպասարկող ոլորտում։ Արդեն դժվար է պատկերացնել բիզնեսի որևէ ոլորտ, որը նոր տեխնոլոգիաների աջակցության ու դրանցով համալրման կարիք չունի։ Բիզնեսի մնացած ոլորտներին հավասար կտուժեն հատկապես մեր վերը նշած ընկերությունները, քանի որ եթե չկա բիզնեսը՝ սպասարկող ընկերության կարիքն էլ չկա։

Առաջիններից մեկը բարձրաձայնեցին Ռուսաստանի դաշնության ՏՏ համայնքի ներկայացուցիչները։ Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիան, որի մեջ մտնում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «1C»-ը, ABBYY-ը, Acer-ը, IBM-ը, Կասպերսկիի լաբորատորիան, դիմել են Ռուսաստանի կառավարությանը, որպեսզի իրենք էլ ընդգրկվեն աջակցության ծրագրերում։ Խոսքը հիմնականում հարկերի ներման և արտասահմանից տարատեսակ ապրանքների ներկրման մասին է, ինչն անհրաժեշտ է հետագա աշխատանքը կազմակերպելու համար։

Բանն այն է, որ ընկերություններից շատերն այժմ կանգնած են սնանկության եզրին։ Քանի որ Ռուսաստանում կազմակերպվում է նաև տեխնոլոգիական hardwere տեսակի արտադրություն, սահմանների փակվելը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ընկերությունների համար։ Հատկապս, եթե հաշվի ենք առնում, որ դետալների մեծ մասը ներկրվում է Չինաստանից կամ Եվրոպայից։ Թեև, արդարության համար պետք է նշել, որ արտաքին առևտուրը մեծամասամբ վերականգնվել է, հատկապես Չինաստանի հետ։ Ռուսաստանյան ընկերությունները, սակայն, մեկ այլ մտավախություն էլ ունեն։ Լավ մասնագետները ճգնաժամի պատճառով կարող են արտագաղթել երկրից, ինչը ռուսական ՏՏ աշխարհի համար գոտկատեղից ներքև հարված կլինի։

Երկրորդ, ճգնաժամի պայմաններում, ՏՏ համայնքը առաջիններից մեկն է տուժում, քանի որ ընկնում է հաճախորդների գնողունակությունը։ Շատերը պարզապես դադարում են վճարունակ լինել։ Իսկ ՏՏ համայնքի ճգնաժամը կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների ամբողջ պետության համար, քանի որ շատ կենսական նշանակության ենթակառուցվածքներ իրենց գոյությունը պահպանում են հենց տեխնոլոգիաների ու դրանց սպասարկող անձնակազմի շնորհիվ։

Ընդհանրապես, տարածված թյուր կարծիք կա, թե ՏՏ ընկերությունները կարող են շարունակել գոյատևել, ամենամեծ ճգնաժամի պայամաններում անգամ։ Իհարկե, դրանցից շատերը ճգնաժամերի ազդեցությունն իրենց վրա կզգան մթերային խանութներից մի փոքր ավելի ուշ, սակայն ՏՏ ընկերությունների պարալիզացումը կարող է շարքից հանել այնպիսի ենթակառուցվածքներ, ինչը կհանգեցնի ազգային անվտանգության խնդիրների։։

Ixcellerate ընկերության ղեկավար Կոնստանտին Բորմանի խոսքով դեռևս ակնհայտ տուժածներ չկան, սակայն կանխարգելիչ միջոցներ են պետք, որպեսզի նրանք չտուժեն նաև հետագայում։ Ոչ ոք չգիտի, թե ինչքան կձգվի ճգնաժամը։ Soft ծրագրավորողները հիմնականում աշխատում են արտասահմանյան կազմակերպությունների համար և ֆինանասական մուտքերի ինչ-որ աղբյուր որոշակի ժամանակ կունենան։ Սակայն համաշխարհային ճգնաժամի ֆոնին այդ աղբյուրները վտանգված են և համագործակցության դադարեցման դեպքում հետագայում նույն կապերը վերականգնելը շատ դժվար կլինի, որոշ դեպքերում՝ նույնիսկ անհնար, քանի որ ամեն վայրկյան դաշտում նոր խաղացողներ են հայտնվում։

Հայաստանում, վիճակը մի փոքր այլ է, նույնիսկ ռադիկալ տարբեր։ Օրինակ, աղմուկները ֆիլտրող Krisp հավելվածն այս օրերին գրանցել է ավելի քան 1000 տոկոս աճ։ ITTrend-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր Արտավազդ Մինասյանն ասաց, որ դա իրականում տրամաբանական է, քանի որ հավելվածն իդեալական գործիք է հեռավար կրթության կամ աշխատանքի կազմակերպման պայմաններում։

Եռանիշ աճ է ապահովել նաև Arloopa հավելվածը՝ ավելի քան 629 տոկոս։ Ընկերության հիմնադիր Արման Աթոյանի խոսքով, եղել են նաև բացասական հետևանքներ, որոշ նախագծեր չեղարկվել են, սակայն նոր նախագծեր էլ են ավելացել։

Fimetech ու Chessify ընկերությունների հիմնադիր Գոռ Վարդանյանն ընդգծում է, որ այս օրերին Chessify-ը մի փոքր աճ է գրանցել։ ITTrend-ի հետ զրույցում հավելվածի հեղինակ Գոռ Վարդանյանն ընդգծեց, որ հավելվածի օգնությամբ մարդիկ շախմատ են սովորում, իսկ կարանտինն ավելի շատ շախմատ խաղալու ու սովորելու լավ առիթ է։ Ինչ վերաբերվում է Fimetech ընկերությանը, ըստ Գոռ Վարդանյանի, աշխատում են հիմա Եվրոպայի հետ ու այնպիսի սեգմենտում, որը բավականին իներտ է։ Դեռ որևէ կերպ համաճարակը չի ազդել, բայց վաղ թե ուշ ազդեցությունը հաստատ կզգան։

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի խոսքով, հայաստանյան ՏՏ ոլորտի վրա կորոնավիրուսի ազդեցությունը, համեմատ այլ ոլորտների, ավելի թույլ կլինի, քանի որ ՏՏ ոլորտը եզակի ոլորտներից է, որը կարող է հեշտությամբ անցնել հեռահար աշխատանքի կարանտինի պայմաններում: Այլ բան, որ ինչպես որ բոլոր ոլորտներում, այնպես էլ այստեղ նկատվելու է պահանջարկի անկում, բազմաթիվ նախագծեր կսառեցվեն և կհետաձգվեն:

Ընդհանրապես ՏՏ ընկերությունների ճգնաժամը կսկսվի այն ժամանակ, երբ բնակիչների վճարունակությունն իջնի ամենացածր մակարդակի։ Մինչև դա, եկամուտների ինչ-որ աղբյուրներ ընկերությունները կշարունակեն ունենալ։

Թեգեր: covid, economy, IT, russia