Apple-ը կարմիր iPhone SE-ի վաճառքից ստացած շահույթը կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարին

Apple-ը տարիներ շարունակ աջակցում է Product Red բարեգործական արշավին, որի շարջանակում ընկերությունն արտադրում է կարմիր գույնի սմարթֆոններ եւ աքսեսուարներ, որոնցից ստացված հասույթի մի մասն ուղղվում է աֆրիկյան երկրներում տարածված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Հիմա արդեն ամերիկյան տեխնոհսկան որոշել է Product Red-ի շրջանակներում իրականացվող բարեգործական արշավի իր միջոցներն ուղղել առողջապահական համակարգին, որն ամբողջ աշխարհում պայքարում է պանդեմիայի դեմ:

Եվ այսպես՝

Մինչեւ սեպտեմբերի 30-ը կարմիր iPhone SE-ի (2020), iPhone 11-ի կամ iPhone XR-ի, ինչպես նաև iPhone-ների կարմիր պատյանների և ժամացույցների կարմիր կապիչների վաճառքից ստացված շահույթի մի մասն Apple-ը կտրամադրի Գլոբալ հիմնադրամին, որի միջոցներն օգտագործվում են COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման համար, ինչպես նաև տրամադրվում են կորոնավիրուսից հատկապես տուժած տարածաշրջաններին:

Product Red բարեգործական արշավին դեռ մասնակցում են Nike-ը եւ Starbucks-ը, սակայն ամենամեծ ներդրումը Apple-ինն է: «Խնձորային հսկան» չի բացահայտում, թե Product Red-ի շահույթի որ մասն է ծախսվում բարեգործության վրա, բայց, օրինակ, 2018 թվականին ընկերությունը միայն «Կարմիր» այֆոնների եւ աքսեսուարների վաճառքի միջոցով «վաստակել է» 200 մլն դոլար:

Apple-ը կորոնովիրուսի դեմ պայքարին աջակցելու մասին հայտարարել է նոր iPhone SE-ն ներկայացնելուց հետո, որը iPhone 8-ի ամբողջական պատճենն է՝ բարելավված տեսախցիկով եւ Apple A13 նոր պրոցեսորով: Հին iPhone 8-ն արդեն անհետացել է Apple-ի կայքից, սակայն դեռեւս վաճառվում է այլ խանութներում: