Sony-ն կսահմանափակի PlayStation 5-ի արտադրությունը

Bloomberg-ի տեղեկություններով ՝ Sony-ն դեռ նախատեսում է այս տարեվերջին թողարկել PS5-ը, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ընկերությունը ստիպված կլինի նախատեսվածից ավելի քիչ սարքեր արտադրել: Պատճառը պանդեմիայի այս օրերին սարքի բաղադրիչների չափազանց բարձր գներն են: Sony-ն կկրճատի խաղային նոր սերնդի սարքերի խմբաքանակը՝ ֆինանսապես հնարավորինս քիչ տուժելու համար:

Եվ այսպես՝ մինչեւ 2021թ.-ի մարտը Sony-ն կթողարկի 5-6 մլն հատ նոր սերնդի խաղային սարք: Ի դեպ, նախորդ սերնդի PS4-ը նույն ժամանակահատվածում վաճառքի է հանվել 7,5 մլն խմբաքանակով: Ծրագրավորողները, որոնք արդեն խաղեր են ստեղծում PS5-ի համար, ակնկալում են , որ խաղային նոր սարքի գինը կսահմանվի $500-550-ի սահմաններում: Վերլուծաբանները ենթադրում են, որ ընկերությունը պատրաստ է սարքն ավելի էժան վաճառել եւ փոխհատուցել հնարավոր վնասները PS4-ի գործող սերնդի ծառայությունների եւ խաղերի հաշվին:

Sony-ի համար իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել դեպի լավը կամ վատը՝ կախված համավարակի զարգացումներից : Bloomberg-ի տվյալներով, ընկերությունը PS5-ի թողարկման առաջին տարում դեռևս ակտիվորեն խթանելու է նախորդ սերնդի սարքերի՝ PS4-ի եւ PS4 Pro-ի վաճառքը, որոնք արդեն ունեն խաղերի մեծ բազա: Եվ հենց այդ նպատակով, շատ հավանական է, որ իջեցվեն խաղային հին սարքեր գները: