Ucom-ում նոր տնօրեն չի նշանակվել, կազմակերպությունը շարունակում է բնականոն աշխատանքը Հայկ Եսայանի ղեկավարությամբ

Ucom-ում նոր տնօրեն չի նշանակվել, կազմակերպությունը շարունակում է բնականոն աշխատանքը Հայկ Եսայանի ղեկավարությամբ

«Յուքոմ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության էլեկտրոնային հասցեից տարածվել է հաղորդագրությունն այն մասին, որ Հայկ Եսայանը շարունակում է մնալ ընկերության տնօրեն, իսկ «Գալաքսի գրուպ» ընկերության ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են ներկայացվել։

Ստորեւ ներկայացնում ենք մամուլի հաղորդագրությունն առանց խմբագրման։

«Հարգելի գործընկեր,

Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ Գալաքսի գրուփի հաղորդակցության բաժնի կողմից լրատվամիջոցներին է ուղարկվել հաղորդագրություն, որով իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց, իբր ապրիլի 14-ին տնօրենների խորհուրդը նշանակել է Ucom ընկերության նոր տնօրեն: 

« Հայտնում ենք հանրությանը, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Հայկ Եսայանը շարունակում է մնալ ընկերության տնօրեն և ներկայացնում ենք պետ. ռեգիստրի վկայականից քաղվածքը 2020թ․ ապրիլի 16-ի ժամը 18.00 դրությամբ:

Հայտնում ենք նաև, որ միայն Հայկ Եսայանի խնդրանքով են ազատման դիմում գրած բոլոր 865 աշխատակիցները շարունակում ապահովել կազմակերպության բնականոն աշխատանքը: Ուստի նման հայտարարությունները ավելորդ լարվածություն և պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում կազմակերպության ներսում: Հորդորում ենք չտրվել նման գործելաոճին և շարունակել բանակցային գործընթացը, որի մասին հայտարարել ենք:

Նշենք, որ արդեն երկու օր է Ucom ընկերության և բոլոր բաժնետերերի շահերը ներկայացնող իրավաբանները համատեղ աշխատում են ձեռքբերված պայմանավորվածությունները  ամրագրող փաստաթղթի վրա»: