Apple-ը ներկայացրել է COVID-19 պանդեմիայի ժամանակ մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Apple-ը ներկայացրել է  COVID-19 պանդեմիայի ժամանակ մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Ամերիկյան Apple տեխնոգիգանտը հասանելի է դարձրել տեղաշարժի վիճակագրությունը, որի պատկերը պարզ է դառնում Apple Maps ծառայության շնորհիվ: « Էփլ»-ի ղեկավարությունը վստահ է, որ մարդկանց տեղաշարժի բաց վիճակագրությունը կօգնի COVID-19 կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:

Apple-ի պաշտոնական կայքում հայտնված տեղեկատվության համաձայն ՝ բաց վիճակագրությունը թույլ կտա հետեւել տարբեր տարածաշրջաններում մարդկանց տեղաշարժի միտումներին ։ Ենթադրվում է, որ դա կօգնի իշխանություններին որոշումներ կայացնել, որոնք ուղղված են կորոնավիրուսային վարակի տարածման զսպմանը: Տեղեկատվությունը, որի հիման վրա աշխատում է Apple-ի նոր ծառայությունը, վերցված է օգտատերերի նավիգացիոն հարցումներից:

Ընկերությունում նշում են, որ բոլոր տվյալներն անանուն են, ուստի բաց վիճակագրությունը ոչ մի կերպ չի խախտի «խնձորային» սարքերից եւ ծրագրերից օգտվողների կոնֆիդենցիալությունը:

«Նոր ծառայության համար մշակվել է առանձին կայք, որտեղ կարելի է դիտել գրաֆիկները, որոնք ցույց են տալիս ամբողջ աշխարհում մարդկանց տեղաշարժի միտումները: Այս տվյալները կօգնեն մասնագետներին որոշումներ կայացնել, որոնք ուղղված են COVID-19-ի տարածման զսպմանը» , – նշում են Apple-ի պաշտոնական ներկայացուցիչները ՝ հավելելով, որ վիճակագրությունը թույլ է տալիս իմանալ, թե կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ինչ փոխադրամիջոցներ են նախընտրում մարդիկ:

Թեգեր: Apple, covid-19, statistics