Բիլ Գեյթսը հայտնվել է դավադրության տեսության «որոգայթներում»

Բիլ Գեյթսը հայտնվել է դավադրության տեսության «որոգայթներում»

Բիլ Գեյթսը դարձել է դավադրության տեսության « զոհը » պանդեմիայի այս օրերին: Սոցիալական ցանցերում շրջանառվող այդ տեսության համաձայն՝ հենց Microsoft-ի համահիմնադիր Գեյթսն է « COVID-19»-ի հեղինակը: Կոնսպիրոլոգներն այս հարցի առթիվ պնդում են, թե Գեյթսի լաբորատորիան կորոնավիրուս է ստեղծել, որպեսզի գործարարը կարողանա գումար վաստակել պատվաստանյութի արտադրության մեջ: Այդ նույն ժամանակ ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ Գեյթսի վրա հարձակումները կասկածելի կերպով համընկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչեցրած նրա քննադատության հետ:

Microsoft-ի համահիմնադիր եւ բարերար Բիլ Գեյթսն անսպասելիորեն դարձել է նոր կոնսպիրոլոգիական տեսության հերոս, որտեղ նա հանդես է գալիս որպես նոր կորոնավիրուսի ստեղծող, հաղորդում Է New York Times-ը: Հայտնի է, որ դեռ 2015 թվականին Գեյթսը հանդես է եկել ելույթով, որտեղ միլիարդատերը հայտարարել է, որ ապագայում մարդկության գլխավոր սպառնալիքը կդառնա ոչ թե միջուկային պատերազմը, այլ վարակիչ մահաբեր վիրուսը: Այժմ սոցիալական ցանցերի օգտատերերը նրա խոսքերն այնպես են մեկնաբանում, որի մասին Գեյթսը հազիվ թե մտածեր , երբ փորձում էր երկրների ուշադրությունը հրավիրել պանդեմիայի վտանգի վրա:

YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում մեծ թվով հրապարակումներ եւ տեսանյութեր են հայտնվել, որոնցում ասվում է, որ 64-ամյա միլիարդատերը COVID-19-ի ստեղծողն է: Այս բոլոր կոնսպիրոլոգիական տեսությունների «ապացույցը» Գեյթսի ելույթի տեսահոլովակն է , որը տեսագրված է TED(Technology, Entertainment and Design) կոնֆերանսում` հինգ տարի առաջ: Միլիարդատերը նախազգուշացնում է գլոբալ համաճարակի վտանգի մասին եւ թվարկում այն միջոցառումները, որոնք կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է ձեռնարկեն այն կանխելու համար: Վերջին շաբաթներին, գրում է The New York Times-ը, հոլովակը 25 մլն նոր դիտում է ունեցել ։

Այս տեսության համաձայն ՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը հատուկ վտանգավոր վիրուս է ստեղծել ՝ պատվաստանյութի արտադրության մեջ գումար վաստակելու համար ։ Կա եւս մեկ վարկած, ըստ որի գործարարը նոր կորոնավիրուսի օգնությամբ մտադիր էր կրճատել բնակչությունը ՝ երկիրը «մաքրելով» քրոնիկական հիվանդություններով թույլ եւ հիվանդ մարդկանցից։

Միևնույն ժամանակ New York Times-ը նշել է, որ Գեյթսի վրա հարձակումների ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ նա քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ժամանակավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ:

« Համաշխարհային ճգնաժամի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը վտանգավոր է այնքան, որքան թվում է վտանգավոր ։ ԱՀԿ-ն դանդաղեցնում է COVID-19-ի տարածումը, եւ եթե նրա աշխատանքը դադարեցվի, աշխարհում ոչ մի այլ կազմակերպություն չի կարողանա փոխարինել այն» , – ապրիլի 15-ին գրել է Գեյթսը Twitter-ի իր էջում:

Բացի այդ, վերջին մեկ ամսվա ընթացքում Գեյթսը մեկ անգամ չէ, որ հարցազրուց է տվել ԶԼՄ-ներին, հայտնվել հեռուստաէկրաններին եւ հրապարակել հոդվածներ՝ քննադատելով համաճարակի կապակցությամբ ամերիկյան իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները:

Գեյթսը երբեք չի շեշտել կամ առհասարակ նշել Թրամփի անունը, բայց ակնհայտ է, որ ճգնաժամի ժամանակ երկրի քաղաքականության հիմնական պատասխանատվությունը կրում է պետության ղեկավարը:

«Կասկած չկա, որ Միացյալ Նահանգները բաց է թողել նոր կորոնավիրուսը հաղթահարելու հնարավորությունը։ Ընտրությունը, որը մենք եւ մեր իշխանություններն այս պահին անում ենք, հսկայական ազդեցություն կունենա այն առումով, թե որքան շուտ հիվանդության դեպքերի թիվը կսկսի նվազել, որքան ժամանակ տնտեսությունը փակ կմնա եւ քանի ամերիկացիներ ստիպված կլինեն թաղել մտերիմ մարդկանց COVID-2019-ի պատճառով»,- մարտի 31-ին Washington Post-ի իր հոդվածում գրել է Գեյթսը:

Ինքը ՝ Գեյթսը, հրաժարվել է մեկնաբանել իր հասցեին հնչած մեղադրանքները։ Գեյթսի Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի ղեկավար Մարկ Սուզմանը հայտարարել է, որ իրեն վշտացնում են մարդիկ, ովքեր դժվարին ժամանակներում միավորվելու եւ կյանքեր փրկելու փոխարեն ապատեղեկատվություն են տարածում :

Ըստ Zignal Labs վերլուծական ընկերության տվյալների, որն ուսումնասիրում է մեդիան, պանդեմիային Բիլ Գեյթսի ունեցած առնչության մասին կեղծ լուրերն այսօր ամենաշատ տարածված ապատեղեկատվությունն են: Ըստ այդմ, փորձագետները հաշվել են ավելի քան 16 000 գրառում Facebook-ում, որոնց օգտատերերն արձագանքել են (հավանել կամ մեկնաբանել ) գրեթե 900 000 անգամ ։ YouTube – ում ամենատարածված 10 տեսահոլովակները, որոնք տարածել են ֆեյքերը Գեյթսի եւ վիրուսի վերաբերյալ, մարտ եւ ապրիլ ամիսներին, ընդհանուր առմամբ, դիտվել են ավելի քան 5 միլիոն անգամ: