Կոչ ՀՀ իշխանություններին՝ պահպանել կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը

Կոչ ՀՀ իշխանություններին՝ պահպանել կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը

Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հանդես են գալիս կապի օպերատորների շուկայում գերակշռող դիրք ստեղծելու դեմ եւ կոչ են անում պահպանել Հայաստանում կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը: Հայտարարությունը տարածել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը»:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.


«Կոչ ՀՀ իշխանություններին՝ պահպանել կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը

2019թ դեկտեմբերի 30-ին «Վեոն Արմենիա» եւ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը եւ այդ դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ն սահմանված կարգով վարույթ է հարուցել:

Սույն թվականի մարտի 19-ին ՏՄՊՊՀ-ն, ելնելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում վարույթների վերաբերյալ նիստերի անցկացման հետ կապված առողջական ռիսկերից, իր N 122-Ա որոշմամբ կասեցրեց մի շարք վարույթների, ներառյալ նաեւ այս վարույթի, ընթացքը:

Կապի օպերատորների հնարավոր միավորման դեպքում հիմնական ռազմավարական  ռիսկերից է ՀՀ տեղեկատվական անվտանգության խնդիրը, մինչդեռ հեռահաղորդակցության ոլորտում երեք ուժեղ օպերատորների առկայության դեպքում այդ ռիսկը նվազում եւ/կամ չեզոքացվում է:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ մենաշնորհային կամ մերձմենաշնորհային դրությունների վնասակարությունը ինչպես ազատ շուկայական տնտեսությանը, այնպես էլ ժողովրդավարությանը եւ մարդու հիմնարար իրավունքների համակարգին, վճռականորեն կոչ ենք անում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վարույթը վերսկսելուց հետո, ելնելով իր լիազորություններից, որոշում կայացնել նշված համակենտրոնացման գործողությունը արգելելու վերաբերյալ:  Այդպիսի որոշումը թույլ կտա.

Պահպանել շարժական կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի անմենակարեւորը՝ ապահովել երկրի տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաեւ տնտեսական մրցակցությունը եւ տեխնոլոգիական զարգացումը:

Բացառել մեկ սեփականատիրոջ կողմից մեկից ավելի կապի օպերատորի սեփականատեր լինելը:

Կապի օպերատորներին ներկայացնել այնպիսի պահանջներ, որպեսզի շարունակաբար բարելավվի ծառայությունների որակը, նրանց կողմից մատուցվող ծառայությունները տեխնիկական, տեխնոլոգիական եւ ֆինանսական առումով հասանելի դառնան Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ամբողջ բնակչությանը:

Միաժամանակ, օգտվելով առիթից, շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում գործող կապի օպերատորներին՝ այս օրերին մեր հասարակությանը, մասնավորապես, խոցելի խավերին ցուցաբերած աջակցության համար։

Կոչը բաց է միանալու համար։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»: