#Ցտեսություն, Zoom 2. Telegram-ը շուտով տեսազանգի հնարավորություն կունենա

#Ցտեսություն, Zoom 2. Telegram-ը շուտով տեսազանգի հնարավորություն կունենա

Գաղտնալսումների ու տեղակայման վայրերը որոշելու ֆոնին բավականին մեծացավ Telegram հավելվածի պահանջարկը։ Բանն այն է, որ դեռ այս հավելվածից արտահոսքի որևէ դեպք չի գրանցվել։ Սակայն պանդեմիայի ֆոնին կարծես թե այս հավելվածի մասին մոռացան, դե որովհետև միայն չատ անելով հեռու չես գնա, դրան էլ գումարած գործնական հանդիպումների համար տեսզանգի հնարավորություն է պետք։ Օգտատերերի մեծ մասը տեսազանգի լայն հնարավորությունների փնտրտուքի ժամանակ անցան այլ, թեկուզ պակաս անվտանգ հավելվածների։ Սա մի տեսակ դուր չեկավ Պավել Դուրովին։ Էքսցենտրիկ ռուս ծրագրավորողը մտածեց, մտածեց ու որոշեց, որ պետք է վերջապես այս հարցին լուծում տալ։ Այս տարի հավելվածում կհայտնվի տեսազանգերի ներդրված հնարավորություն։ Այդ մասին Պավել Դուրովը գրել է իր պաշտոնական բլոգում։ Նրա խոսքով, ստեղծված պայմանները թելադրում են սոցցանցային նոր քաղաքականություն, այդ պատճառով էլ ընկերության աշխատակիցները եկան այն եզրահանգմանը, որ Telegram-ում պարտադիր պետք է հայտնվի տեսազանգի հնարավորությունը։

Պավել Դուրովն ասել է, որ թեև խմբակային տեսազանգերը շատ պահանջված են այսօր, սակայն կան հավելվածներ, որոնք անվտանգ են, և կան հավելվածներ, որոնք ունեն խմբակային տեսազանգերի հնարավորություն։ Այս երկուսի համատեղումը գոյություն չունի, և իրենք որոշել են լրացնել բացը։ Հասկացա չէ՞, թե Դուրովն ում էր ակնարկում։

Ըստ Դուրովի, հիմա նրանք կենտրոնացած են այն բանի, որպեսզի 2020 թվականին իրենց օգտատերերին ապահովեն որակյալ և անվտանգ խմբակային տեսազանգերի հնարավորությամբ։

Եթե Դուրովը հասցնի ստեղծել խմբակային տեսակապի հնարավորությունը մինչև պանդեմիայի ավարտը, ապա պահանջարկով կանցնի այնպիսի հավելվածներին, ինչպիսիք են FaceTime-ը կամ Zoom-ը։ Դե եթե այս ամենի հետ զուգահեռ Telegram-ում հայտնվի նաև էկրանի պարունակությամբ կիսվելու հնարավորություն, ապա հավելվածն ուղղակի սուպերգործիք կդառնա և մարդիկ հազարներով կսկսեն հրաժեշտ տալ Zoom-ին։

Բանն այն է, որ հատկապես խմբակային տեսազանգերի պահանջարկի մեծացմանը զուգահեռ, ավելի ակտուալ է դառնում կիբերանվտանգության թեման։ Մարդիկ ավելի ու ավելի խոցելի են դառնում, քանի որ ոչ մի հավելված պատրաստ չէր նման տրաֆիկի։ Telegram-ը կարող է դառնալ անվտանգ տեսակապի միակ օազիսը։ Սակայն ժամկետների մասին Պավել Դուրովը դեռ ոչինչ չի նշել։

Թեգեր: Telegram, video, zoom