Ինքնավար մեքենաները փորձարկումները կանցնեն վիրտուալ աշխարհում, քանի որ իրական աշխարհի վրա էլ հույս դնել չի կարելի

Մարտից շատ ընկերություններ, որոնք զբաղվում են ինքնավար մեքենաների արտադրությամբ, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցրել էին մեքենաների փորձարկումը։  Դրանք պետք է անցնեին ԱՄՆ-ի ու Իտալիայի փողոցներում։ Դրա փոխարեն մեքենաների փորձարկումները սկսեցին անցկացնել իրական աշխարհի սիմուլյացիոն ծրագրերում։ Դրան առաջինն ուշադրություն դարձրեց Venture Beat-ը։

Վիրտուալ իրականությունում մեքենաներ թեստավորող ընկերությունների թվում են Uber-ը, Cruise-ը, Aurora-ն, Argo AI-ը, Lyft-ը և Waymo-ն։ Պարբերականում նշում են, որ ստարտափներն առաջին բախվեցին խնդրի հետ, երբ փորձարկումը մոտական ամիսներին անցկացնելը պարտադիր է, բայց փողոց դուրս գալ չի կարելի։

Սովորաբար ինքնավար մեքենաների համակարգերը հենվում են տվիչներից ստացած տվյալների վրա, որոնք տեղադրված են մեքենայի գրեթե բոլոր հատվածներում։ Դրանից բացի աշխատում են ռադարները, տեսախցիկները, GPS-ը և այլն։ Այս տվյաների հաշվին ալգորիթմները սովորում են վարել, վերլուծել երթևեկությունը և ավելի լավ գլուխ հանել ոչ ստանդարտ իրավիճակներում։

Սակայն փորձարկումների դադարեցման պատճառով ստարտափներն այլևս չեն կարող հավելյալ տեղեկատվություն հավաքել իրական աշխարհից։ Այդ պատճառով ամեն ընկերություն որոշեց յուրովի կենտրոնանալ սիմուլյացիայի վրա։

Waymo-ից հաղորդում են, որ իրենց համակարգերը Carcraft սիմուլյատորում անցնում են ավելի քան 20 միլիոն մղոն ճանապարհ։ Այս ցուցանիշը համարժեք է իրական աշխարհում փորձարկման 100 տարվան։ 2020-ի ապրիլի դրության ընկերության մեքենաները սիմուլյատորում անցել են արդեն 15 միլիարդ մղոն ճանապարհ։

Ընկերությունից հայտնում են, որ Carcraft սիմուլյատորի օգնությամբ նրանք թեստավորում են տարատեսակ վթարային իրավիճակներ։

Cruise-ի համակարգերը սիմուլյացիայում անցկացնում են օրական գրեթե 200 հազար ժամ։ Այն թույլ է տալիս նախագծողներին ավելացնել ցանկացած իրավիճակներ, նաև մշակել այդ տվյալները տվիչների համար։

Նման գործիքներ օգտագործում են նաև Aurora-ում, Uber-ում և Lyft-ում։ Յուրաքանչյուր ընկերություն ավելացրել է սիմուլյացիաների քանակն այն պահից սկսած, երբ փորձարկումներն իրական աշխարհում անհնար դարձան, կամ գոնե՝ վտանգավոր։

Սակայն Քարնեգի-Մելլոն համալսարանի հետազոտողները խիստ կասկածում են, որ վիրտուալ սիմուլյացիաները կարող են փոխարինել իրական աշխարհում ու ճանապարհներին անցկացվող փորձարկումներին։ Խնդրի հիմնական պատճառը ռենդերինգի մեխանիզմների թերի լինելն է, որը մեքենային շրջապաըող աշխարհը ներկայացնում է ավելի պարզեցված, քան այն կա իրականում։