#Ցտեսություն Zoom 4․ Google-ը անցել է կատաղի պայքարի

Google-ը ժամանակ չի կորցնում ու տեսակապի միջոցով կոնֆերանսներ կազմակերպելու Meet հավելվածն արդեն տեղադրել է Gmail-ում, իսկ որոշ օգտատերեր արդեն տեսել են հավելվածի նշանը աջ անկյունում տեղակայված հավելվածների պատուհանում։ Նախկինում հավելվածը հասանելի էր միայն G Suite-ի կորպորատիվ հաճախորդների համար, սակայն անցյալ շաբաթ որոնողական հսկան այն դարձրեց անվճար բոլորի համար։ Սա գոտկատեղից ներքև հարված էր Zoom-ի համար, քանի որ այս հավելվածը գերազանցում է Zoom-ին բոլոր պարամետրերով։

Սա ընկերության վերջին փորձն է Zoom-ին գերազանցելու համար, որը դեռևս մնում է առաջատարը, չնայած բոլոր սկանդալներին։

Meet-ն ունի կոնֆիդեցիալության մի քանի գործիքներ, որոնք ուղղակի բացակայում էին Zoom-ում, ինչն էլ «Zoombombing»-ի պատճառ էր դառնում։ Դուք չեք կարող պարզապես անցնել հղումով, որպեսզի միանաք տեսակապին։ Անհրաժեշտ է մտնել google-ի Ձեր անձնական հաշվից։Եթե հավաքի կազմակերպիչը Ձեզ չի հրավիրել, դուք կհայտնվեք սպասման գոտում, քանի դեռ կազմակերպիչը չի հաստատել Ձեր մուտքը։ Ի տարբերություն Zoom-ի, Meet-ում հեռախոսահամարներ հավաքելու կարիք չկա։

Ընդհանրապես Google-ն ու Microsoft-ը ընկել են Zoom-ի հետևից, ու հասնում են։ Թեև Zoom-ի հեքիաթային վերելքի մասին էլ բազմաթիվ հարցեր կան։ Արդեն տեղեկացրել էինք, որ ընկերությունը խոստովանել է, որ մանիպուլացրել է օգտատերերի քանակի թվերը ու սխալ աճ ներկայացրել։

Microsoft-ն իր Teams հավելվածը հասցրել է մինչև 75 միլիոն ամենօրյա ակտիվ օգտատերերի։ Google-ի տվյալներով էլ Meet -ում օրական 3 միլիոն նոր օգտատերեր են ավելանում։ Ընդհանուր թիվը հասել է 100 միլիոնի։