Xiaomi-ն հաջողությամբ թարմացնում է ամենախնդրահարույց՝ Mi A3 սմարթֆոնները

Հնարավոր է՝ Xiaomi Mi A3-ը վերջին շրջանում ամենախնդրահարույց սմարթֆոնն է․․․թարմացումների գծով։ Xiaomi ընկերությունը մի քանի անգամ թողարկել է Android 10-ի թարմացումներ հենց այս սմարթֆոնի համար ու անմիջապես հետ էր կանչում, խնդիրների մասին բարձրաձայնելուց հետո։

Ապրիլի վերջին օգտատերերը սկսեցին թարմացման կտրտած տարբերակը ստանալ՝ 32ՄԲ ծավալով, հիմա էլ հայտարարում են ամբողջական ծրագրային ապահովման՝  V11.0.1.0.QFQEUXM-ի թողարկման մասին, որը 2020-ի ապրիլից կտարածվի ամբողջ Եվրոպայում։ Ծավալը կկազմի 1․33 ԳԲ։

Բոլոր նախկին տարբերակները տարատեսակ խնդիրներ ունեին, սակայն ծրագրային  ապահովման այս տարբերակը կարծես թե բավականին ստաբիլ է, եթե հավատանք Twitter-ի ու Reddit-ի օգտատերերի մեկնաբանություններին։

Բացի դրանից, այս անգամ Xiaomi-ն չափազանց զգույշ է գործում։ Ընկերությունը խնդրում է ներբեռնած ծրագրային ապահովումը չփոխանցել այլ օգտատերերի։ Ինքն ընկերությունը դեռ չի հրապարակել ներբեռնման հղումը, հայտարարելով, որ դա կանի միայն օգտատերերի արձագանքները մանրակրկիտ վելուծելուց հետո։  

Մնում է հուսալ, որ այս անգամ ոչ մի խնդիր չի առաջանա։