Facebook և Google ընկերությունները մինչև տարվա վերջ կթույլատրեն իրենց աշխատակիցներին աշխատել հեռավար կարգով

Facebook և Google ընկերությունները մինչև տարվա վերջ կթույլատրեն իրենց աշխատակիցներին աշխատել հեռավար կարգով

Facebook և Google ընկերությունները հայտնել են, որ կթույլատրեն իրենց աշխատակիցներին հեռավար աշխատանք վարել մինչև 2020 թվականի վերջը։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է, որի պատճառով ամբողջ աշխարհն անցել է հեռավար աշխատանքի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ավելի վաղ, սակայն, երկու ընկերություններն էլ պլանավորում էին հուլիսից վերաբացել իրենց գրասենյակները։ Դրան զուգահեռ, գրասենյակներում պահպանվելու են անվտանգության բոլոր նորմերը։ Սակայն այն աշխատակիցները, որոնց ֆիզիկական ներկայությունը գրասենյակում պարտադիր չէ և հնարավորություն ունեն իրենց աշխատանքն ամբողջ ծավալով հեռավար կազմակերպել, կարող են մինչև տարվա վերջ տանից դուրս չգալ։

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Facebookը չեղարկեց մինչև 2021 թվական նախատեսված օֆլայն միջոցառումները, որոնց անցկացվելու էին ավելի քան 50 մասնակիցներով։ Այդ նույն օրը Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ կերկարաձգի հեռավար աշխատանքի ժամկետները, նվազագույնը մինչև մայիսի վերջ։ Կապույտ սոցցանցը նաև հեռավար աշխատողներից յուրաքանչյուրին հավելյալ հազար դոլար է վճարել։

Ապրիլի սկզբին Microsoft ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է մինչև 2021 թվականի հուլիս ամիսը բոլոր ներքին ու հանրային միջոցառումներն անցկացնել օնլայն հարթակում։