Facebook ընկերությունը 52 մլն․ դոլար կվճարի իր աշխատակիցներին

FILE PHOTO: Small toy figures are seen in front of Facebook logo in this illustration picture, April 8, 2019. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo - RC14A2C924C0

Facebook սոցցանցի ղեկավարությունը համաձայնել է ընդհանուր հաշվով 52 մլն․ դոլար վճարել ներկա և նախկին այն մոդերատոներին, որոնց մոտ, աշխատանքի պատճառով, հոգեկան խնդիրներ են առաջացել, գրում է The Verge-ը։

Նախադատական համաձայնությամբ, ընկերությունը տուժած աշխատակիցներին պետք է վճարի ոչ պակաս, քան 1000 դոլար։ Դրան գումարած նախկին և ներկա աշխատակիցները կարող են ստանալ նաև հավելյալ փոխհատուցում,մինչև 6 հազար դոլար, եթե նրանց մոտ ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսս, որը հանգեցրել է հոգեկան առողջության խնդիրների։ Կարող են լինել նաև այլ, հավելյալ վճարումներ։

Հիմնական փոխհատուցումների հույս կարող են ունենալ 11250 մոդերատորներ, որոնք ընկերությունում աշխատում են 2015 թվականից, Կալիֆորնիա, Տեքսաս և Ֆլորիդա նահանգներում։ Սպասվում է, որ համաձայնությունը դատարանը կհաստատի մինչև այս տարվա վերջ։

Ինչպես նշում է  The Verge-ը, 2018-ի աշնանը Facebook-ի նախկին մոդերատոր Սելենա Սկոլան դատի տվեց սոցցանցին։ Նա հավատացնում էր, որ նրա պարտականությունների մեջ էր մտնում մշտապես դիտարկել բռնության տեսարաններով նկարներ կամ հոլովակներ, սպանության ու ինքնասպանության տեսարաններ, ինչն արդյունքում հանգեցրեց նրա հոգեկան հավասարակշռության վատթարացմանը։ Շուտով հայցին միացան նաև մյուս աշխատակիցները։

Սկոլան հայտնվել էր մոդերատորների շարքում անմիջապես ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո։ Այդ ժամանակ սոցցանցին քննադատում էին վնասակար կոնտենտը չհեռացնելու համար, ինչից հետո սոցցանցի ղեկավարությունը վարձեց հազար նոր մոդերատորների։ Ավելի ուշ աշխատակիցները սկսեցին բողոքել աշխատանքի ծանր պայմաններից ու ցածր վարձատրությունից։

Համաձայնության շրջանակներում Facebook ընկերությունը կփոխի նաև մոդերացիայի գործիքակազմը։ Աշխատակիցները կարող են անջատել ձայնն ու պատկերը դարձնել սև ու սպիտակ։ Այս հնարավորությունը մինչև տարվա վերջ կստանան մոդերատորների 80%-ը, իսկ 2021-ին դրանք կհայտնվեն բոլորի մոտ, գրում է TJ-ն։ Դրանից բացի, ընկերությունը խոստացավ, որ մոդերատորներն ամեն օր կհանդիպեն հոգեբանի հետ և ամեն ամիս կմասնակցեն խմբակային թերապիաների։