Google-ը, Facebook-ը, Twitter-ն ու Telegram-ը դուրս են եկել Հոնկոնգի իշխանությունների դեմ

Սոցցանցերն ու մեսենջերները մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ հրաժարվում են տրամադրել Հոնկոնգիցի օգտատերերի տվյալները։ Ու դա չնայած այն հանգամանքից, որ այդ տվյալները պահանջել են այդ երկրի ազգային անվտանգության ծառայությունները։ Նման հայտարարություններով հանդես են եկել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Twitter-ն ու Telegram-ը։ TikTok-ն էլ որոշեց ընդհանրապես ռադիկալ քայլերի դիմել, այն հայտարարեց, որ հեռանում է Հոնկոնգից։

Ամեն ինչ սկսվեց Չինաստանում ընդունված մի օրենքից, որը ընդլայնում է իշխանությունների առանց այն էլ րեթե անսահման հնարավորությունները, իսկ իրավախախտներին սպառնում է ցմահ ազատազրկում։

Հունիսի 30-ին Չինաստանի խորհրդարանը նոր օրենք ընդունեց ազգային անվտանգության վերաբերյալ։ Մասնավորապես այն ավելի է խստացնում տեռորիստական գործունեության, այլ պետությունների հետ դավադրություն կազմակերպելու, դավաճանության ու ազգային անվտանգությանը սպառնացող մի շարք այլ գործողությունների պատիժը։ Հետն էլ ընդլայնում է իշխանությունների հնարավորությունները։ Բանն այն է, որ հիմա այս ցուցակում կարող են հայտնվել այն մարդիկ, որոնք բարձրաձայնում ու պահանջում եմ Հոնկոնգի անկախությունը, ցուցապաստառներ են կախում այս թեմաներով և այլն։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Այս օրենքի դեմ են խոսել ԱՄՆ-ը, Եվրոպական Միությունը, Ավստրալիան, Ճապոնիան ու Կանադան։ Նրանք կարծում են, որ Չինաստանի գործողությունները վտանգի տակ են դնում տարածաշրջանի ինքնավարությունը։ Օրենքի ընդունումից անմիջապես հետո տարածաշրջանում վերսկսվեցին բողոքի ցույցերը, հայտնի է հարյուրավոր ձերբակալվածների մասին։ Սոցցանցերն էլ խոստացան կրակի վրա յուղ չլցնել ու տվյալները չտրամադրել Հոնկոնգի իշխանություններին։

Բողոքի ցույցերի ֆոնին Հոնկոնգի բնակիչները սկսել են հրաժարվել որոշ մեսենջերներից, գրում է Hong Kong Free Press-ը։ Միայն դրանից հետո խոշոր ընկերությունները սկսեցին հայտարարել, որ իրենց տվյալները ոչ մեկին չեն տրամադրելու։

Telegram -ը հայտարարել է, որ չի տրամադրել ու չի տրամադրի օգտատերերի տվյալները Հոնկոնգի իշխանություններին, ու դա կանի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքում տիրող իրավիճակի շուրջ միջազգային կոնսեսուս չի ձևավորվել։

Facebook-ը հայտարարել է, որ դադարեցնում է Հոնկոնգի իշխանությունների դիմումների քննարկումը։ Ընկերությունը կսպասի օրենքի հետագա գնահատականին և կխորհրդակցի մարդու իրավունքների միջազգային փորձագետների հետ։ Որոշումը վերաբերվում է նաև WhatsApp-ին ու Instagram-ին։

Անհասկանալի մնաց TikTok-ի որոշումը, ընկերությունը հայտարարեց, որ կհեռանա Հոնկոնգից, ու դա կանի մոտակա օրերին, տեղեկացնում է Reuters-ը։ Կոնկրետ պատճառը հայտնի չէ, սոցցանցը միայն հայտարարել է, որ հեռանում տարածաշրջանից, քաղաքում տիրող իրավիճակի պատճառով։

Bloomberg -ը կարծում է, որ ընկերության նման դիրքորոշումը կապված է այն բանի հետ, որ նրանք ոչ ուզում են տվյալներ տրամադրել, ոչ էլ ուզում են խնդիրներ ունենալ չինական իշխանությունների հետ։