Android ՕՀ-ին ուղղված վիրուսները մինչև տարեվերջ կավելանան 7 անգամ

Trend Micro ընկերության մասնագետների հետազոտության համաձայն, Google ընկերության նախագծած Android բջջային օպերացիոն համակարգին ողջ տարվա ընթացքում սպասվում են վնասակար ծրագրերի «գրոհներ»: Դեռևս տարվա սկզբում Android-ի համար գրված վիրուսները 5000-ն էին, իսկ այսօր դրանց թիվը հասնում է 20 000-ի: Ըստ մասնագետների, տարվա 3-րդ եռամսյակում դրանք կավելանան և կհասնեն 38 000-ի, դե իսկ տարեվերջում՝ 140 000-ի:

Trend Micro-ի մասնագետները վտանգավոր ծրագրերի շարքում դասում են հավելումները, որոնք հափշտակում են տվյալները, GPS-ի միջոցով հսկում սարքը և օգտագործողի անունից փորձում կատարել հեռախոսազանգեր:

Մասնագետները նշում են, որ վիրուսների թիրախը հենց Android ծրագրերի օնլայն Google Play խանութն է: Ըստ Trend Micro-ի, ինտերնետ հսկան ի վիճակի չէ ապահովել իր սեփական ՕՀ-ի օգտագործողների անվտանգությունը:

Ավելի վաղ Lookout ընկերությունը ներկայացրել էր այն հիմնական վտանգները, որոնց զոհ են դառնում Android օգտագործողները: Հիմնական տարածված վտանգները ծրագիր-գրպանահատներն են, որոնք ձեռք են բերում վճարային համակարգերի հետ աշխատելու միջոցներ: Նշենք, որ Apple ընկերության iOS ՕՀ-ն ավելի պաշտպանված է՝ ի տարբերություն Android-ի: