Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում մեկնարկել է Կորեայի կառավարության ՏՀՏ կենտրոնի փորձագետների կողմից անցկացվող 1-օրյա սեմինար՝ էլեկտրոնային կառավարության թեմայով:
Սեմինարը նպատակ ունի ծանոթացնել էլեկտրոնային հասարակության ձևավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բնագավառում Կորեայի կուտակած փորձին: Կորեացի հինգ փորձագետները կներկայացնեն և կքննարկեն հետևյալ թեմաները՝ էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծում, էլեկտրոնային կառավարում և ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարություն, GIDC (Government Integration Data Center), վարչական տեղեկատվության փոխանակման համակարգ, մոբայլ լուծումներ:
էլ-ուսուցման փորձագետ Հյուն Յոոն լրագրողների հետ զրույցում համեմատեց Հայաստանի և Կորեայի ՏՏ ոլորտների զարգացումը: Նրա խոսքով, 50-ական թվականներին, երբ Կորեան Հայաստանին բնորոշ գյուղատնտեսական երկիր էր և չուներ բնական պաշարներ, կառավարությունը զարգանալու միակ ելքը համարեց արտահանումը և գլխավոր ոլորտ ընտրեց ՏՏ-ն. «Մենք չունեինք բնական ռեսուրսներ, սակայն ունեինք մարդկային՝ աշխատանքային ռեսուրսներ: Մեր կառավարությունը ճիշտ կողմնորոշվեց և 80-ականներից սկսած յուրաքանչյուր 5 տարվա համար մշակեց և մշակում է ՏՀՏ ոլորտի զարգացման պլան և չի դադարում ներդրումներ կատարել այս ոլորտում: Կարծում եմ Հայաստանում այս ոլորտն ունի պոտենցիալ և Հայաստանը կարող է դառնալ զարգացած երկիր»,-ընդգծեց փորձագետը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ողջունելով կորեացի փորձագետներին, իր խոսքում նշեց, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ համագործակցության շրջանակում Հայաստանն առաջին է ընտրված յոթ երկրներից, ուր անցկացվում է նման սեմինար: «Սա նշանակում է, որ մենք ունենք բավական առաջընթաց ՏՀՏ ոլորոտւմ և պետք է ետ չմնանք համաշխարհային միտումներից»,-նշեց նա:
Սեմինարը կազմակերպել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Կորեայի կառավարությունը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ համագործակցության շրջանակում: