Մեկնարկեց «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» համաժողովը

Այժմ Մարիոթ հյուրանոցում ընթանում է «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովը, որին ներկա է Մայքրոսոֆթ կորպորացիայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն՝ հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյի գլխավորությամբ։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է, որ ՏՏ ոլորտի զարգացումը զարկ կտա նաև տնտեսության մյուս ճյուղերի, այդ թվում՝ ռազմաարդյումաբերության զարգացմանը, որի կարիքն այսօր իսկապես կա:

f15f53a0-ee3b-4f1b-81ea-ee03e2162249
Թրուդի Նորիս-Գրեյ

Մայքրոսոֆթ կորպորացիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցի պարվիրակության ղեկավար, կորպորացիայի հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյը նշեց, որ 4-րդ հեղափոխության արդյունքում այսօր ունենք ՏՏ լուծումներով հագեցած ու ավելի հարմարավետ կյանք: Նա խոսեց այնպիսի ընկերությունների մասին, որոնք այսօր առաջարկում են ծառայություն՝ հիմնված միայն հմտությունների ու խելացի լուծումների վրա: «Օրինակ՝ հայկական GGtaxi-ն. այն առաջարկում է տաքսի ծառայություն՝ չունենալով մեքենաներ, նույնը Ebay-ն է, աշխարհի ամենամեծ առցանց խանութ, որը ոչ մի վաճառակետ չունի։ Այսօր ամեն ինչ կառուցվում է հմտությունների վրա»,-մանրամասնեց նա:

 

DSC04094
Լիանա Կորկոտյան

«Ներկայիս՝ 4-րդ ինդուստրիալ հեղափոխությունը հանգեցրել է նրան, որ այսօր աշխարհում օգտագործվող էլեկտրոնային սարքերի թիվն անցել է 75 միլիարդը, իսկ օգտագործվող տվյալների ծավալը գերազանցում է 40 զետաբայթը»,- ասաց Մայքրոսոֆթ կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լիանա Կորկոտյանը։ Նա հիշեցրեց Մայքրոսոֆթի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլայի հայտարարությունը՝ տարբեր երկրներում հասարակական կազմակերպություններին ու գիտական կառույցներին ընդհանուր առմամբ 1 մլրդ դոլար արժողությամբ ԾԱ անվճար տրամադրելու մասին ու տեղեկացրեց, որ այդ ծրագրին կկարողանա մասնակցել նաև Հայաստանը։

Համաժողովի ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ և կազմակերպվել է Microsoft կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության և Դոմ-Դենիել ընկերության կողմից, ներառում է ոլորտի բարձրաստիճան փորձագետների ելույթներ ներկայիս ամենաարդիական թեմատիկ ուղղվածություններով՝ այդ թվում առողջապահությունը, կրթությունը, հանրային անվտանգությունը։

Միջոցառման նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների և նորարական լուծումների կիրառման համաշխարհային փորձը ինչպես կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, այնպես էլ պետական հատվածի կազմակերպությունների համար։