.am դոմենները մատչելի կդառնան

.am դոմենային տիրույթում անուն գրանցելն այսօր արժե 12 000 դրամ: Շուտով հնարավոր է այս արժեք նվազի: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ հայկական .am դոմենային տիրույթում կա մոտ 20 000 գրանցված անուն՝ դոմենի գրանցման տարեկան արժեքը կարող է նվազել», — ասաց նա: Հիշենք, որ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն Հայաստանում DNS համակարգերի կարգավորողն է:

Այն հարցին, թե որքանո՞վ կարող է նվազել .am դոմենային անունների գրանցումը, Գրիգոր Սաղյանը ստույգ չպատասխանեց: Նա միայն նշեց, որ արժեքի նվազումը չպետք է բացասաբար ազդի DNS համակարգի նորմալ աշխատանքի վրա:

Գրիգոր Սաղյանի խոսքով, Հայաստանը գրանցված դոմեն անունների քանակությամբ տարածաշրջանում առաջատար է: Նրա տեղեկացմամբ Ադրբեջանում և Վրաստանում կա մոտ 13 000 գրանցված դոմենային անուն: