Լիտվական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ ՏՏ ոլորտով

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Խոսելով հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերությունների մասին, Լիտվայի դեսպանը տեղեկացրել է, որ լիտվական մի քանի ընկերություններ հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կողմի գործընկերների հետ համագործակցությամբ: Տիգրան Սարգսյանը և դեսպանը հույս են հայտնել, որ այդ հետաքրքրությունը կհանգեցնի Հայաստանում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը:

Կողմերը բարձր են գնահատել տարբեր բնագավառներում, մասնավորապես, ռազմական, մշակութային և կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը և վստահություն հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական: