Համակարգչային խաղերի նախագծմամբ զբաղվող «Քարերի Երկիր» թիմը վաղը՝ օգոստոսի 18-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գրասենյակում կներկայացնի «ՀՈՒԽ» նախագծի շրջանակում ստեղծված «Տիգրան Մեծ» համակարգչային ուսուցողական խաղը: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց «Քարերի Երկիր» թիմի ղեկավար և «ՀՈՒԽ» (Համակարգչային ուսուցողական խաղեր) նախագծի հեղինակ Տիգրան Սարգսյանը:
«Տիգրան Մեծ» խաղի միջոցով խաղացողները մտովի կտեղափոխվեն Տիգրան Մեծի ժամանակաշրջան և կդառնան պատմական իրադարձությունների անմիջական մասնակիցը՝ մանրամասնորեն ուսումնասիրելով պատմությունը և հնարավորություն ունենալով փոխել այն:
«Քարերի Երկիր» թիմը ստեղծվել է 2008-ին: Թիմի «ՀՈՒԽ» նախագծի նպատակն է ստեղծել գիտահանրամատչելի և կրթական համակարգչային զվարճալի ծրագիր, որը կմեծացնի խաղացողների հետաքրքրությունը դեպի հայոց պատմությունը,պատմական և ժամանակակից քարտեզները, կզարգացնի զբոսաշրջությունը և կվերացնի ապատեղեկատվությունը: «Քարերի Երկիր»-ը հանդիսանում է մի շարք հայանպաստ կայքերի հեղինակ, ինչպես նաև համացանցի մի շարք ռեսուրսներում պարբերաբար թարմացնում է Հայաստանի և հայոց պատմության մասին տեղեկություններ: