Հաքերները հափշտակել են կես միլիոն բանկային տվյալ

Ավստրալիայում հաքերները կոտրել են ավելի քան կես միլիոն բանկային քարտերի տվյալներ և հափշտակել են 25 միլիոն ավստրալական դոլար: Այս մասին հաղորդում է Sydney Morning Herald-ը:

Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը հայտնել է, որ սկսել է համագործակցությունը այլ երկրների իրավապահ մարմինների հետ՝ բացահայտելու այս գործը: Հավանական է, որ սրանք այն նույն հաքերներն են, ովքեր կոտրել էին Subway ռեստորանային ցանցի բանկային հաշիվները:

Դեռևս մայիսին ավստրալական ԶԼՄ-ները գրում էին, որ հաքերները հափշտակում են փոքր բիզնեսի բանկային տվյալներ, ինչպիսին օրինակ Fish and Chips-ն է: Հիմնականում հարձակումների ենթարկվող այս բիզնեսները գտնվում են գյուղական կամ հեռավոր շրջաններում: Մասնագետների խոսքով, հաքերները կոտրում են ավելի թույլ պաշտպանվածություն ունեցող համակարգերը և ոչ թե խոշոր սուպերմարկետների ցանցերը: