Ինտերնետում հայտնվել են նոր Nokia սմարթֆոնների լուսանկարները

Ինտերնետում հրապարակվել են Nokia ընկերության Windows Phone 8 նոր սմարթֆոնների լուսանկարները, գրում է The Verge-ը: Դրանք հրապարակել է @evleaks անունով Twitter օգտագործողը:

Լուսանկարներից մեկում պատկերված է Lumia 920 սմարթֆոնը՝ հայտնի Phi ծածկանվամբ, իսկ մյուսում՝ Lumia 820-ը: Սմարթֆոնների բնութագրի մասին տեղեկություններ հայտնի չեն: Պարզ է միայն, որ դրանք տարբերվում են էկրանի չափսերով: Lumia 920-ը 4.5 դյույմ է, իսկ Lumia 820-ը՝ 4.3 դյույմ:

Ըստ լուրերի, Lumia 920-ը հագեցած է լինելու PureView տեխնոլոգիայով, ինչը նշանակում է, որ սմարթֆոնով հնարավոր կլինի ստանալ բարձրորակ լուսանկարներ:

Հիշենք, որ PureView տեխնոլոգիայով մինչ այժմ հագեցած է միայն Nokia 808 սմարթֆոնը, որն աշխատում է Symbian օպերացիոն համակարգով:

Սպասվում է, որ Nokia-ն իր նոր սմարթֆոնները պաշտոնապես կներկայացնի սեպտեմբերի 5-ին Նյու Յորքում կայանալիք Microsoft-ի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: