Տինգ Չեն. Ազատ բովանդակությունը Վիքիպեդիայի գաղափարախոսության կարևոր մասն է (Հարցազրույց)

11 տարի առաջ հիմնադրված Վիքիպեդիա ազատ հանրագիտարանն այսօր պարունակում է ավելի քան 22 միլիոն հոդված աշխարհի 285 լեզուներով: Սեպտեմբեր 8-9-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց միջազգային Վիքիկոնֆերանս, որի կազմակերպիչն էր ազատ հանրագիտարանի հիմնադիր ՀԿ Վիքիմեդիա Հիմնադրամը: Կոնֆերանսի շրջանակում Երևանում էր նաև Վիքիմեդիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տինգ Չենը: ittrend.am-ի հետ զրույցում Տինգ Չենը պատմեց Վիքիպեդիայի նպատակների և հայացքների մասին:

Արդեն 11 տարի է Վիքիպեդիան ինտերնետ միջավայրում ամենամեծ հանրագիտարանն է: Ի՞նչ զարգացումներ է ապրել հանրագիտարանը և ի՞նչն է այսօր առաջնային Վիքիպեդիայի համար:

– Մենք հիմնադրել ենք Վիքիպեդիան 2001-ին: Մի քանի տարի անց հանրագիտարանը այնքան ճանաչում ձեռք բերեց, որ համալրվեց այլ լեզուներով՝ ֆրանսերեն, գերմաներեն և այլն: Առաջին զարգացումը լեզուների ավելացումն էր: Այսօր նույնպես հանրագիտարանը համալվում է նոր լեզուներով և հետևաբար ավելանում է հանրագիտարանի բովանդակությունը: Օրինակ հայկական Վիքիպեդիան 1 տարում երկու անգամ ավելացրել է հոդվածների քանակությունը: Այսօր լեզուների և բովանդակության ավելացումը մեր հիմնական թիրախն է:

Հասե՞լ է արդյոք Վիքիպեդիան հիմնադրումից ի վեր իր առջև դրած բոլոր նպատակներին:

– Եթե մեր բոլոր նպատակներն իրագործված լինեին, ես Երևանում չէի լինի: Կան մի շարք լեզուներ, որոնք Վիքիպեդիայում նոր են ձևավորվում, զարգացած չեն: Մեր նպատակն է դրանց զարգացումը:

Որքա՞ն ակտիվ օգտագործող ունի հանրագիտարանն ամբողջ աշխարհում և տարեկան որքա՞ն հոդված է ավելանում:

– Աշխարհում մենք ունենք ավելի քան 100 հազ. ակտիվ խմբագիր-օգտագործող: Ամենաշատ նյութերով հարուստ է անգլերեն Վիքիպեդիան՝  ավելի քան 4մլն. հոդված: Տարեկան Վիքիպեդիայում ավելանում է մոտ 400 հազար հոդված:

Պարոն Չեն, վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ ինտերնետը գրաքննող և վերահսկող օրինագծերի՝ SOPAPIPA և  ACTA-ի շուրջ: Մի շարք ինտերնետ ընկերություններ, որոնց թվում էր նաև Վիքիպեդիան, պայքարեցին և բողոքեցին այդ օրինագծերի դեմ: Նման օրինագիծ վերջերս ընդունեց նաև Ռուսաստանը: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը նմանտիպ օրինագծերի նկատմամբ:

– Ազատ բովանդակությունը մեր  գաղափարախոսության կարևոր մասն է: Եվ մենք երբեք չենք փոխի այն: Գիտելիքը պետք է հասանելի պահել: Մենք իհարկե դեմ չենք այն ընկերությունների գործունեությանը, որոնք ինտերնետով գումար են վաստակում և պաշտպանում իրենց հեղինակային իրավունքները: Մենք նույն նպատակները չենք հետապնդում: Պարզապես օրենքը ճիշտ չէ ձևակերպված և ներկայացնում է միայն մի կողմի հետաքրքրությունը: Տվյալ դեպքում մենք բարձրաձայնում և ասում ենք, որ դա լավ չէ:

SOPA-ի և PIPA-ի դեմ Վիքիպեդիան պայքարեց՝ անհասանելի լինելով մեկ օր՝ «Պատկերացրեք կյանքն առանց ազատ բովանդակության և գիտելիքի» կարգախոսով: Նման օրինագծերը կարող են նոր ընթացք ստանալ, որք՞ան երկար կարող է Վիքիպեդիան պայքարել:

– Մենք նման բողոքներ անընդհատ չենք անում: Պարզապես վերջին շրջանում դրանք մի քանի անգամ կրկնվեցին: Անհասանելի մեթոդը կիրառում ենք միայն այն դեպքերում, երբ իսկապես իրավիճակը շատ վատ է, երբ օրենքը շատ վատն է: Վատ է ոչ թե օրենքի գաղափարը, այլ իրագործման մեթոդը: Այդ պատճառով պետք է բողոքել «անհասանելի մեթոդով» և կանգնեցնել նման օրինագծերը:

Հիշենք, որ հայերեն Վիքիպեդիան գործարկվել է 2003-ին, սակայն նյութերով սկսվել է համալրվել 2005-ից: Վերջին մի քանի տարում հայկական Վիքիպեդիա համայնքը մեծ ակտիվություն է դրսևորում: Ընդամենը 1 տարում հայերեն Վիքիպեդիայում նյութերի քանակը կրկնապատկվել է՝ գերազանցելով 30 000-ը: Հայկական Վիքի համայնքը հաճախակի կազմակերպում է Վիքիպեդիայի համալրման հեքըթոններ, որոնց ընթացքում սովորեցնում է մասնակիցներին՝ ինչպես նյութեր ավելացնել Վիքիպեդիայում և ինչպես խմբագրել: